Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«էն մարդիկ, որոնք շտաբների կռիսներ են, ծանոթի միջոցով շտաբներում են ծառայում». Սասուն Միքայելյան

Հունիս 18,2018 16:14

Այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» оրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվեց:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանից՝ «օրենքի նախագիծը ՊՆ նոր նախարարի օրոք նորմալ նայվե՞լ է, որովհետեւ առաջ միանձնյա որոշումով էր լինում:

Նա նաեւ ասաց, որ օրենքի նախագծով մարզային կառույցներից լիազորություններ են վերցվում եւ տալիս են ՊՆ նախարարին:

Հաջորդ հարցը, որն ուղղեց Սասուն Միքայելյանը, ավելի շատ մտահոգություն էր՝ «Օրինակ, սպան ավարտում է, 5 տարի ուղարկում ենք Հորադիզ ՝ ծառայության ու մենք էդ սպային 5 տարի զրկում ենք ամուսնանալուց, ոչ բնակարան, ոչ տեղ, տալիս ենք մի հատ թուրքի տուն, ասում ենք՝ գնա ապրի: Ասածս էն ա, որ 5 տարին փոխվի 3, 5 տարում մարդը գաղափարապես փոխվում է, ուրիշ ձեւ է մտածում: Այսինքն, էն մարդիկ, որոնք շտաբների կռիսներ են, ծանոթի միջոցով մնում են էստեղ, շտաբներում են ծառայում, փոփոխություն արվի նրանց հետ ու ժամկետը կարճացվի, թող լինի 2-3 տարի»:

Գաբրիել Բալայանը պատասխանեց, որ օրենքի նախագիծը մինչ ԱԺ բերելը նոր իշխանությունների հավանությանն է արժանացել, շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվել է:

Ինչ վերաբերում է սպայի ծառայության ժամկետին, ասացին, որ կարելի է քննարկել 5 տարին 3 դարձնելու հարցը: Իսկ մարզային կառույցներին լիազորություններից զրկելու հետ կապված ՊՆ փոխնախարարը չհամաձայնեց: Նա ասաց, որ լուրջ հսկող մեխանիզմներ կան, եթե անարդար որոշում լինի, այն կարող է բողոքարկվել:

«Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը հարցրեց՝ եթե զինծառայողն ուզում է ժամանակից շուտ լուծարել պայմանագիրը, ըստ օրենքի, պետք է կրկնակի վճարի պետության ծախսած գումարը իր վրա, բայց եթե առողջության պատճառով է լուծարում, կարող է եւ չվճարել. «Կարող է կաշառք տալ, իրեն հիվանդություն վերագրել ու ազատվել վճարից, փաստացի պետությունը վնաս է կրում»:

Բալայանը պատասխանեց, որ զորացրումը մի եզրակացությամբ տեղի չի ունենում, մենակ մի բժշկից կամ մի պոլիկլինիկային թղթի, տեղեկանքի հիման վրա չեն զորացրելու, դա լուրջ եւ բարդ գործընթաց է, որը տեւելու է մի քանի ամիս. «Գործող հանձնաժողովը պետք է եզրակացություն տա, պոլիկլինիկայից բերած տեղեկանքը մեր համար հիմք չի հանդիսանում»: Նա ասաց, որ այդ առաջարկը Մարդու իրավունքների պաշտպանն է արել՝ համարելով, որ եթե մարդը ունի առողջական խնդիր, նրանից կրկնակի գումար գանձելը մարդու իրավունքների խախտում է:

Հանձնաժողովը ՊՆ-ի բերած նախագծերի փաթեթին դրական եզրակացություն տվեց:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930