Ադրբեջանում հիմնված «Շարժում 2018» վերլուծական կենտրոնը հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններում աջակցություն է հայտնել նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ ստեղծված «Շարժում 2018»-ին անդամակցում են այսպես կոչված թուրքական աշխարհի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ: Նրանցից են Թուրքիայի 63-րդ կառավարության մշակույթի և զբոսաշրջության նախարար և նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն, Ղրղզստանի նախկին արտգործնախարար Ասքար Այթմատովը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Ժալե Ալիևան, Ադիլ Ալիևն ու Սոնա Ալիևան, Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավոր Էնես Իբրահիմը և այլք: Կենտրոնի Թուրքիայի ներկայացուցիչը փաստաբան Սաիդե Էքմենն է:
Կենտրոնի ղեկավար Խեյալ Ռըզան խոսել է թուրք-ադրբեջանական բարեկամության մասին՝ հայտնելով, որ իրենց շարժման շուրջ համախմբված անձինք անվերապահորեն աջակցում են Էրդողանին առաջիկա ընտրություններում: Ռըզան հայտարարել է, որ Էրդողանին աջակցում են հանուն Թուրքիայի ժողովրդի երջանկության, բարեկեցության ու հզորության: Նա նաև խոսել է համաթուրքական նախագծերում Էրդողանի ունեցած դերակատարության մասին:
Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահական ընտրություններում առաջադրվել է իր ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) «Ջումհուր» (Cumhur-Հանրապետական) դաշինքի կողմից: