Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հրապարակումներում խախտվում են երեխաների իրավունքները»

Հունիս 18,2018 15:21

Հայաստանյան լրատվամիջոցների և մասնավորապես հեռուստատեսային մի շարք թոք- շոուների ոչ մասնագիտական աշխատանքի արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ խախտվում են երեխաների իրավունքները: Ավելի ակներև են հաշմանդամություն ունեցող և սոցիալական բարդ պայմաններում ապրող երեխաների դեպքերը, երբ անձնական տվյալների օգտագործումն ու հանրայնացումը ուղղակի բացասական ազդեցություն են ունենում այդ երեխաների հոգեբանական վիճակի և հետագա կենսագործունեության վրա:

Չնայած այն փաստին, որ Հայաստանը միացել է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, երեխաների հիմնարար շահերից բխող մի շարք սկզբունքների խախտումների պակաս չի զգացվում: Խախտվում է նրանց անձնական կյանքի և տվյալների գաղտնիությունը, ոտնահարվում է երեխաների սոցիալ-հոգեբանական բարեկեցության, պատվի ու հեղինակության հանդեպ հարգանքը: Ցավալի է, բայց փաստ, որ չնայած առկա լուրջ թերություններին, խախտումներ թույլ տված ԶԼՄ-ները պատասխանատվության չեն ենթարկվում

Խնդրի մասին խոսեց «Վոլդ Վիժն» Հայաստանի երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը․ «Լուսաբանման ժամանակ երեխաների իրավունքների խախտման մասին խոսելիս պետք է խնդիրը դիտարկել իրավական և էթիկական հարթություններում։ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, ՀՀ սահմանադրությունը, Երեխաների իրավունքների մասին օրենքը նախատեսում են դրույթներ, որոնք անդրադառնում են երեխայի պատվի և արժանապատվության իրավունքի պաշտպանությանը։ Այս ակտերի հիմքում ընկած է երեխայի լավագույն շահի և չվնասելու սկզբունքը։ Կան նաև ուղղորդող մեխանիզմներ՝ օրինակ, ՄԱԿ-ի կողմից ընդունված երեխաների մասին լուսաբանումների էթիկական սկզբունքները, որտեղ նշվում է, որ երեխայի ինքնությունը չպետք է բացահայտվի, քանի դեռ դա չի բխում հանրային շահից։ Պետք չէ երեխային ներկայացնել նվաստացնող, ոտնահարող պայմաններում, որպեսզի հետագայում զերծ մնանք այդ նույն երեխային հատկապես իր հասակակիցների կողմից պիտակավորելու ռիսկից»- ասաց Աիդա Մուրադյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում նշվում է, որ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է եթերի պարբերաբար մոնիտորինգ իրականացնի, վեր հանի երեխաների իրավունքների խախտումները և հանդես գա համապատասխան լուծումներով։ Սակայն սահմանված չափորոշիչների բացակայության պատճառով նման մոնիտորինգ դեռ չի իրականացվել։ Մյուս խնդիրը՝ այս ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրն է, որ մենք այսօր չունենք դատական նախադեպեր երեխայի մասին ոչ պատշաճ լուսաբանման հետևանքով։ Քանի որ հաճախ այն անձը, որը պետք է դիմեր դատարան՝ երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, հաճախ հենց ինքն է այս երևույթի մեղավորը։ Մեկ այլ խնդիր՝ հեռուստաալիքներ, ծնողներից լուսաբանման համաձայնություն ստանալով, իրենց ապահովագրում են իրավական առումով։ Եթե հաշվի առնենք, թե որքան է այդ ծնողների իրավագիտակցության մակարդակը, ակներև է, որ նրանք չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ են համաձայնվել և թե ինչ երկարաժամկետ հետևանքներ այն կարող է ունենալ։

Ունեցել ենք դեպք, երբ մանկատան 16 տարեկան երեխան մի ռեպորտաժում ներկայացրել էր իր հետ կատարվածը։ Տարիներ անց, երբ այդ երեխան ամուսնացել էր, այլևս չէր ուզում այդ նյութը շրջանառվեր։ Բայց մենք ապրում ենք մի իրականությունում, որ երբ մի նյութ տեղադրում ես համացանց, հաջորդ վայրկյանից վերահսկողություն չես կարող ունենալ այդ նյութի վրա»- ասաց Աիդա Մուրադյանը։

«Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանի խոսքով, շատ կարևոր է խուսափել բեմադրություններից։ Հաճախ երեխաներին ստիպում են ասել այն, ինչը իրենց պատմության մասը չէ։ Այս խնդիրները լուսաբանելիս պետք է ձգտել կատարյալ ճշգրտության և զգայունության, ինչպես նաև զերծ մնալ կարծրատիպեր կիրառելուց։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանն էլ խոսեց խնդրի ուղղությամբ գործակալության կարգավորումների մասին. «2016-ին տեղի ունեցած երեխաների հավանական ինքնասպանության մասին լուր տարածելու կապակցությամբ, առիթ ունեցանք հրապարակել խորհրդատվական որոշում, մինչ այդ հանդիպումներ ունեցանք լրատվամիջոցների հետ, որպեսզի ապաանձնավորվեն երեխաները՝ հեռացվեցին նկարները և անունները։ Խորհրդատվական որոշումից հետո պրակտիկայում մի քանի դեպք ունեցանք, որի արդյունքում գործակալությունը որոշեց, որ պետք է ունենա համապարփակ ուղեցույց լուսաբանումներում երեխաների իրավունքների պաշտպանության մասին։ Մի առանձին գլխում ներկայացրել ենք լրատվամիջոցների կողմից երեխաների անձնական տվյալների հրապարակման կանոնները»։

Չնայած առկա խնդիրներին, այժմ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ․ «Այժմ 3 ընկերություններ «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի շրջանակներում, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ պատրաստվում են քննարկել լուսաբանման չափորոշիչները։ Նրանց արդեն ուղարկել ենք երեխաների վերաբերյալ լուսաբանումների մոնիտորինգի նվազագույն չափորոշիչները, ինչպես նաև էթիկական և իրավական կարգավորումների վերաբերյալ նյութեր»,- ասաց Հայաստանի մանուկների հիմնադրամի ներկայացուցիչ՝ երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանը։

Աննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930