Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված մի քանի տասնյակ սեփականության վկայականներին, ասաց, որ դրանք ճիշտ է՝ ինքն անձամբ չի զննել, բայց դրանք եղել են եւ Մանվել Գրիգորյանի, եւ նրա ընտանիքի անդամների, եւ այլ անձանց անուններով:
Հարցին, թե տեղյա՞կ էր ԱԱԾ-ն յուրացումների մասին, զենքի մասին, պարոն Վանեցյանն ասաց, որ իհարկե տեղյակ էին, բայց չեն ցանկանում իրենց քննության օպերատիվ մասը ներկայացնել:
Պարոն Վանեցյանը նաեւ ասաց, որ երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, ապա տվյալ անձը կարող է վճարել այդ գումարները եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, սակայն Մանվել Գրիգորյանի դեպքում այդ բացահայտումները չեն դասվում այդ շարքին:
Թե ով կապ ունի այս գործի հետ, ԱԱԾ տնօրենի խոսքով, քննությունը ցույց կտա: ԱԱԾ ղեկավարն ասաց, որ կլինեն նոր բացահայտումներ: Ըստ նրա, եթե կասկածներ ունենան, բարձրաստիճան զինվորականների տներում էլ գործողություններ կիրականացնեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ