Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի արձագանքը՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտմանը. Պարզվում է՝ բանակի օգնությունը բաժանելիս խառնաշփոթ է եղել (Տեսանյութ)

Հունիս 18,2018 15:05

«Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ, երբ որ 14 տարեկան էի՝ 1994 թվականից, երբ Հաթերքի անտառներում էր պարտիզանական խմբերի հրամանատար որպես, ես էլ էի այդտեղ գտնվում: Շատ ցավալի է, ոնց որ բոլորը, ոնց որ ամբողջ հասարակությունը, նույն զգացումներն ինձ մոտ են, նամանավանդ, որ Մանվել Գրիգորյանին ճանաչում եմ՝ որպես պարտիզանական հրամանատար»,- ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում այսպես մեկնաբանեց Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներն ու տարածված տեսանյութը:

Հարցին՝ ի՞նչ մեխանիզմով կարող էր զինվորի համար նախատեսված սնունդը հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում՝ Բալայանը պատասխանեց. «Մեխանիզմները տարբեր են, ես կարող եմ ասել, որ քանի որ ԵԿՄ-ն նաեւ իրականացրել է մարտական հերթապահություն, ենթադրում եմ, որ հնարավոր է որոշակի ապրանքատեսակներ մարտական հերթապահության համար լիներ: Ես չեմ ուզում որեւէ վարկած առաջադրել, նախաքննություն է գնում»:

Հարցին՝ չկա՞ որեւէ վերահսկողություն՝ սնունդը հասնո՞ւմ է զինվորին, թե՞ չի հասնում՝ Բալայանը պատասխանեց. «Սխալ կլինի իմ կողմից ձեր հարցին պատասխանելը, հնարավոր է ուղղորդել, նախաքննություն է գնում»:

Մեր հարցին՝ դուք խոսեցիք ԵԿՄ-ի՝ մարտական հերթապահության մասին, բայց շտապօգնության մեքենան էլ սնունդ չէ, որ մարտական հերթապահության ժամանակ թռցնեն, ո՞նց է հայտնվել Մանվել Գրիգորյանի ամառանոցում՝ Գաբրիել Բալայանը պատասխանեց. «Քանի որ շտապօգնության մեքենայի հայտնվելու հիմքերի մասին տեղեկացված չեմ, չեմ կարող մեկնաբանել»:

Բալայանը հարցին՝ հնարավո՞ր է ՊՆ-ն հանդես գա Մանվել Գրիգորյանին հերոսի կոչումից զրկելու նախաձեռնությամբ՝ պատասխանեց, որ ՊՆ-ն չի կոչում տվող մարմինը եւ ինքը իրավասու չէ նման նախաձեռնությամբ հանդես գալ:

Հարցին՝ ՊՆ-ն պատասխանատվություն չի՞ կրում այդ ամենի մեջ, իր մեղքի բաժինը չունի՞՝ ՊՆ փոխնախարարը պատասխանեց. «Դա քննությունը կպարզի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կատարվածից հետո ԵԿՄ-ի հետ ՊՆ-ն իր համագործակցությունը հնարավո՞ր է վերանայի՝ պատասխանեց, որ հարց է՝ արդյոք այնտեղ ներգրաված են եղել ԵԿՄ-ի բոլոր ստորաբաժանումները. «Եկեք չխախտենք անմեղության կանխավարկածը, որեւէ մեկը չի արել այսօր հայտարարություն, թե ոնց է այդ ամեն ինչը այնտեղ հայտնվել: Երբ որ կլինի, պետական մարմինները պետք է հետեւություն անեն այդ ամենից»:

ՊՆ փոխնախարարն ասաց, որ ենթադրում է, թե ինչպես կարող էր ապրիլյան պատերազմի օրերին օգնությունը տեղ չհասնել. «Պատերազմի օրերին ինքս ուղեկցելով որոշակի մարդասիրական բեռներ դեպի Մարտակերտի շրջան եւ լինելով այնտեղ՝ այնպիսի խառնաշփոթ էր այնտեղ, ես տեսել եմ այնտեղ ինչ էր կատարվում: Շատ դեպքերում նաեւ որոշակի առումով, քանի որ բնակչությունը էվակուացված էր որոշակի տեղերից, հարձակման էին ենթարկվում, որոշակի տեղեր, գիտեք ինչ, հնարավորություն չի եղել ճիշտ կանոնակարգելու բաշխումը: Միգուցե դա է, միգուցե 3-րդ, 4-րդ պատճառ կա, քննությունը կպարզի ինչպես է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930