Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենքի ուժով չեղարկեք միայն տոտալիտար պետության կողմից տրվող «հերոս» կոչումը . Միքայէլ Հայրապետեան

Հունիս 18,2018 14:54

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Ձերդ գերազանցություն մեծարգո՛ պարոնայք,

վերջին դեպքերը մեկ անգամ ևս վկայում են, որ շահարկումների տեղիք է տալիս խորհրդային ամբողջատիրության մնացուկ «ազգային հերոս» պատվանվան՝ պետության որևէ ղեկավարի կողմից շնորհումը: Այդ կոչումը տևական ժամանակում տալիս են բացառապես ժողովրդի հավաքական գիտակցությունն ու հիշողությունը. պետության որևէ ղեկավար իրավունք չունի ուզուրպացնելու միայն ազգային հավաքական ԵՍ-ի իրավունքը: Այդպիսի մնացուկը կա Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի պես ավտորիտար վարչակարգերում: Հայ ժողովուրդն արժանի է, որ ապրի քաղաքակրթության արժեհամակարգում:

Դավիթ-Բեկը, Գարեգին Նժդեհը, Արամ Մանուկյանը, Անդրանիկ Օզանյանը, Նիկոլ Դումանը և Պատմությամբ ու Ժամանակով քննություն բռնած այլ լուսավոր հայորդիներ կարիքը չունեն պետության որևէ ղեկավարի կողմից «ազգային հերոս» կոչում ստանալու. նրանց այդ կոչումը տվել է ոչ թե որևէ անհատ, որքան էլ արժանավոր, ոչ թե նույնիսկ որևէ սերունդ, այլ Ժամանակի մեջ և Ժամանակից անդին գոյող ազգը: Մանավանդ այժմ, երբ տոտալիտար համակարգի բացասման բացասումից պորտալարը չկտրած հանրությունն իրար հետևից մերժում է պետության նախորդ ղեկավարներին, ցավալիորեն մերժվում են նրանց տված կոչումով հերոսները ևս: Խնդրում եմ՝ թույլ մի՛ տվեք, որպեսզի արժեզրկվեն հիրավի հոգևոր մակարդակի արժեքները: Ուղղեք, խնդրում եմ, Ձեր նախորդների այս վտանգավոր թերությունը, օրենքի ուժով չեղարկեք միայն տոտալիտար պետության կողմից տրվող «հերոս» կոչումը, հորդորեք նույնն անել նաև Արցախի ղեկավարությանը, այլապես վաղն էլ Ձե՛ր հերոսները կհայտնվեն ԿԳԲ-ներում ու դատարաններում՝ հանրային գիտակցության մեջ հերթական անգամ վարկաբեկելով ու արժեզրկելով հերոս գաղափարը. հերոսին դեռևս հին հույներն էին ընկալում աստվածների և մահկանացուների միջև: Հերոսի կարիք ամեն ժողովուրդ ունի:

Մեծարգո պարոնայք Նախագահ և Վարչապետ, սա հոգևոր անվտանգության խնդիրներից է, քաղաքակրթական ընտրանքի խնդիր է, որի լուծման պատիվը Ձեզ է վիճակված:

 

Ակնածանքով և հույսով՝  Միքայէլ Հայրապետեան

ՀՀ պահպանողական քաղաքացի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930