Երեւանի թիվ 50 հիմնական դպրոցի` զինվորին ուղարկված օգնությունը նույնպես տեղ չի հասել, այն հանգրվանել է գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը:
Դպրոցի տնօրեն Սյուզաննա Հարությունովան Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ողջ կոլեկտիվը զայրացած է. «Ճիշտ է, ես այդ ժամանակ տնօրեն չեմ եղել, բայց հիմա կարող եմ փաստել, որ ողջ կոլեկտիվը շատ զայրացած է, ծնողներն էլ, ուսուցիչներն էլ, երեխաներն էլ: Տեսանյութը նայեցինք, ու շատ նեղվեցինք, ծնողներից ահազանգ ստացանք: Փաստորեն, ինչ ակնկալիքով էին ուղարկել եւ որտեղ հայտնվեց մեր ուղարկած օգնությունը: Շատ լարված վիճակ է»:
Նա նաեւ հավելեց. «Երեխաներն էլ էին շատ նեղվել: Մենք այս տարի այլ կերպ ենք ամեն ինչ կազմակերպել; Էլի ծանրոցներ պատրաստեցինք ամբողջ դպրոցով եւ հանձնեցինք մեր դպրոցի շրջանավարտ, այս պահին սահման պահող տղաների ծնողներին: Պարզ է, որ ծնողը երեխայի ծանրոցը կհասցնի տեղ: Մենք դա շարունակական անելու ենք տոնական օրերին»:
Տիկին Հարությունովան դժվարացավ ասել, թե նախկին ծանրոցներն ում միջոցով էին փոխանցել զինվորներին, քանի որ այդ ժամանակ դեռեւս դպրոցի տնօրեն չէր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ