Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

164 դպրոցի տնօրենը` զինվորին իրենց ուղարկածի ու աշխատակիցների հարցաքննվելու մասին

Հունիս 18,2018 14:28

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկության վերաբերյալ տեսանյութում հստակ երեւում են, որ զինվորներին օգնություն ուղարկողների թվում դպրոցներ եւ ԳԱԱ ինստիտուտներ կան, նաեւ երեխաների նամակներ՝ ուղղված հայրենյաց պաշտպանին: Դրանց թվում են 164, 197, 50 դպրոցները եւ այլ հաստատություններ: Տեսանյութում երեւում են նաեւ Երկրաֆիզիկայի ինստիտուտի, Մայր Աթոռի սոցիալական բաժնի, բազմաթիվ այլ հաստատությունների ուղարկած փաթեթները, արկղերը, որոնք զինվորներին հասնելու փոխարեն հանգրվանել են գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

Երեւանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ապշած են, մտքներով չէր էլ կարող անցնել, որ այդքան սիրով զինվորների համար գնվածը հասցեատիրոջը չի հասնելու:

«Մանկավարժներով, աշխատակիցներով ապրիլյան քառօրյայի հաջորդող օրերին գումար ենք հավաքել եւ այդ գումարով գնել ենք զինվորին անհրաժեշտ սնունդ եւ պարագաներ, այնուհետեւ դրանք տեղադրվել են 10 արկղերի մեջ, որոնցից յուրաքանչյուրի մեջ նաեւ մաղթանքներ են եղել աշակերտների եւ ուսուցիչների կողմից: Ուսուցիչներից մեկը հանձնարարել էր նամակներ գրել զինվորին, այդ նամակներն էլ ենք դրել արկղերի մեջ: Պաշտպանության նախարարության աշխատակիցը «Զինուժի» օպերատորի հետ եկել- նկարել է, գրություն ենք տվել, թե որ արկղում ինչ կա: Հետո շնորհակալագիր ենք ստացել պաշտպանության նախարարությունից: «Զինուժը» հաղորդումներից մեկով ցուցադրել է այդ ամենը: Ի՞նչ եք կարծում, դրանից ավելի մեծ վստահություն կարո՞ղ էր լինել, որ մեր ուղարկածը տեղ չի հասնելու»,-ասաց տիկին Ներսիսյանը:

Նաեւ ասաց, որ պաշտպանության նախարարության աշխատակցի ներկայությամբ հանձնումից հետո որեւէ կասկած չեն ունեցել: «Մեր դպրոցի կայքում կտեսնեք մեզ տրված շնորհակալագիրը, երեխաների` արկղեր տանելը, ուղղակի հաճելի չէ, որ նրանց դեմքերը երեւան, երբ քննություն է գնում… Ի՞նչ եք կարծում` հիմա ի՞նչ ապրումների մեջ ենք… Գիտե՞ք, մենք բազում անգամներ ենք նամակներ ուղարկել զինվորին: Այդ օգնությունն ուղարկելիս թույլ չտվեցինք, որ որեւէ երեխա գումարով մասնակցի, ինքներս ենք արել, նույնիսկ պահել ենք ցուցակը, թե որ աշխատողը ինչ գումար է տվել, պահել ենք գրությունը, թե որ աշխատակցի անունով է 200000 դրամի սահմանում գնումներ կատարվել, նշված է, թե որ արկղը ինչ պարունակություն ուներ: Նաեւ շնորհակալագիրը ունենք, որտեղ գրված է, թե շնորհակալ եք, որ նման հայրենասիրական ու մարդասիրական սկզբունքներով եք առաջնորդում ձեր աշակերտներին:

Ցավոք, այն ուսուցիչները, որոնք գնումները կատարել են, հիմա քննչականում են, իսկ ի՜նչ սիրով ու գուրգուրանքով են գնացել առեւտրի կենտրոններ, ցանկացել են ավելի մատչելի գնումներ կատարել, որ այդ գումարը ավելի շատ ապրանք դառնա… Ես հիշում եմ, որ երբ խանութների աշխատողներն իմացել են զինվորի համար է, կամ մատչելի են տվել ապրանքը կամ ավելի շատ: Հիշում եմ, թե աշխատակիցները ինչպես էին եկել ու ոգեւորված պատմում էին: Տեսնեիք, թե ի՜նչ ոգեւորությամբ են տեղադրել գնումները արկղերի մեջ, փաթաթել, սկոչել… Չեմ ուզում ասել, որ հավատներս կորել է, բայց բնականաբար լավ չենք զգում…»,-հայտնեց Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930