Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերջապես ՀՀ-ում 30 տարիներ շարունակվող բանդիտիզմի վերջը դրվեց. դրեց Նիկոլ Փաշինյանը՝ ազգային հերոսը». Գառնիկ Մարգարյան

Հունիս 18,2018 14:15

«Դա քաղաքական պատվեր է եղել, գործը շինծու է, իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է»,- Aravot.am-ի հարցին՝ ի վերջո հասկացա՞ք 2.5 տարի ինչու էիք գտնվում կալանքի տակ, ազատ արձակվելով դատարանի դահիճից պատասխանեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Տեղեկացնենք՝ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանից (նախագահող դատավոր՝ Արմեն Բեկթաշյան) ազատ արձակվեցին 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Էդվարդ Ներսիսյանը` «Ապարը»: Դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց Վահագն Սալնազարյանին ազատ արձակելու միջնորդությունը: Մերժեց նաև Վահան Շիրխանյանի միջնորդությունը: Նա ազատ չարձակվեց:

Գառնիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց՝ 1993-ից թողել է գլխավոր վարչության պետի պաշտոնը և զբաղվում է քաղաքականությամբ: Այս առիթով նա մանրամասնեց. «Առաջին խնդիրը դրել եմ կոռուպցիայի դեմ պայքարը: Երբ նախորդ իշխանություններին՝ կոնկրետ Սերժ Սարգսյանին, փաթեթ ուղարկեցի, որ իր պաշտոնավարման ժամանակ փաստական հիմնավորումներ կան, որ կատարվել է թալան, հանցագործություն, կոռուպցիա, նա պատվիրել է ինձ փակել: Ես խմբին չեմ ճանաչում՝ երեսուն, թե քանի հոգի են, բացի Արթուր Վարդանյանից, որն ինձ դիմել է, ասել է Արցախի պաշտպանության խնդիր կա, ասել եմ՝ զինվոր եմ, կօգնեմ՝ լինելով գեներալ: Վերջապես Հայաստան երկրում երեսուն տարիներ շարունակվող բանդիտիզմի վերջը դրվեց, դրեց Նիկոլ Փաշինյանը՝ ազգային հերոսը: Մենք օգնելու ենք Նիկոլ Փաշինյանին և իր կառավարությանը երկիրը մաքրել թափթփուկներից»:

Aravot.am-ը Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է դատարանն անվերջ մերժում իր՝ Վահան Շիրխանյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունները: Պարոն Ալումյանը հիշեցրեց՝ արդեն մեկուկես տարի և ավելի է այս դատարանում երևի միջինն ամիսը մեկ անգամ միջնորդում է, որ Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխվի. «Յուրաքանչյուր դեպքում գտնում եմ, երբ դատարանը մերժում է իմ միջնորդությունը, գործում է ապօրինի: Յուրաքանչյուր դեպքում հասնում ենք Վճռաբեկ դատարան և յուրաքանչյուր դեպքում մենք դիմում ենք նաև Եվրոպական դատարան: Գիտեք, որ ՄԻԵԴ-ում նաև գործ է քննվում Վահան Շիրխանյանի վերաբերյալ: Իմ կարծիքը միանշանակ է. Վահան Շիրխանյանը հենց առաջին օրվանից, երբ ձերբակալվել է և երեք օր հետո կալանավորվել, իրեն անազատության մեջ պահելն ապօրինի է: Որպեսզի անձին պահեն անազատության մեջ, հերիք չէ, որ ինքը մեղավոր է որևէ հանցագործության կատարման մեջ: Որպեսզի մեղադրյալին պահեն անազատության մեջ, պիտի լինեն հիմքեր, օրինակ՝ գործի տվյալներից պիտի բխի, որ անձը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, որ կարող է խոչընդոտել քննությանը կամ կարող է հանցանք գործել: Ու դա պիտի լինի ոչ թե ուղղակի դատողություն, այլ բխի գործի նյութերից: Ինչ-որ ձևով ինքն իր գործողություններով այդ անձը պիտի ցույց տված լինի, որ ինքը կարող է նման բան անել: Վահան Շիրխանյանի դեպքում նման բան գոյություն չունի, դրան գումարած նրա ծանր առողջական վիճակը, տարիքը, իր ծառայությունները հայրենիքի առաջ: Ինքը պիտի ոչ մի օր կալանքի տակ չգտնվեր: Այլ բան է, որ եթե մի օր պետությունն իրեն մեղավոր ճանաչեր, ապա դատապարտեր, և ինքը գնար պատիժ կրելու: Հավատացնում եմ, երբ դատավճռին հերթը հասնի, կհամոզվեք, որ մեղադրանքներն անհիմն են: Հիմա՝ իր կալանքի տակ գտնվելը մեղավորության հարցի շուրջ չէ: Այո, ինքը հիմա կալանքի տակ է գտնվում, քանի որ ժամանակին քաղաքական որոշում է եղել իրենց կալանավորելու վերաբերյալ»:

Ըստ պարոն Ալումյանի՝ հիմա իներցիայով է շարժվում դատարանը: Մյուս կողմից էլ փաստաբանը նշեց. «Գիտեք, որ նման կալիբրի գործերով ժամանակին հրահանգներ էին գալիս Բաղրամյան 26-ից: Հիմա հրահանգ չկա, բայց դատավորը, որն այսքան ժամանակ պահել է կալանքի տակ, մտածում է՝ այսպես եթե բաց թողնեմ, հարց կառաջանա, բա մինչև հիմա ինչո՞ւ էիր պահել, ի՞նչ փոխվեց: Դատավորը զուտ իր դեմքը փրկելու համար է այսօր Վահան Շիրխանյանին և նաև Վահագն Սալնազարյանին պահում կալանքի տակ: Այս մարդիկ դարձել են իրավաբանության հետ կապ չունեցող ինչ-որ օտար խաղերի պատանդ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930