Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ սնունդը բացում, գցում էին շների դեմը, շները չէին ուտում». Արմեն Ռուստամյան

Հունիս 18,2018 14:04

«Մարդ իրա աչքի տեսածին չի էլ կարողանում հավատալ»,- սա ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի առաջին արձագանքն է այն ամենին, ինչ, որ տեսել է նախօրեին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությամբ: «Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, դա մեկնաբանության կարիք էլ չունի»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը: Իրեն այլ բան է անհանգստացնում`ադրբեջանական համայնքի հրճվանքը. «Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան ազատամարտում, ազատագրել է տարածքներ: Սա ինչպե՞ս պետք է ներկայացնեն նրանք, Արցախի հերոս է, ինչպե՞ս պետք է փորձեն վարկաբեկել` սա է իմ ամենամեծ ցավը: Էս ամեն ինչը ինչպե՞ս պետք է կարողանանք մարսել»:

Ինքը ցավ է ապրում, ասում է`«ապշած, ցնցվածը քիչ է»: Չի հասկանում`ինչո՞ւ են այդ նամակները գտնվում այդտեղ, տրամաբանական բացատրություն չի կարող լինել այս ամենին: Սակայն, նկատում է, որ կա անմեղության կանխավարկած եւ ամենն օրինականության սահմաններում պետք է լինի. «Մենք հետամուտ ենք լինելու, որ ամեն ինչ կատարվի օրենքի տառին համապատասխան: Նյութերն ավելի խորը կուսումնասիրենք, այս պահին անձեռնմխելիություն կա, կա նաեւ անմեղության կանխավարկած: Այս ամենը նկատի ենք ունենալու: Սա շատ մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին: Ես կարծում եմ, որ պետք է կարողանանք այնպես չանել, որ փորձ արվի թշնամիների կողմից այս ամենը ներկայացվի իրենց օգտին»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Արմեն Ռուստամյանը հիշեցնում է`ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, խորհրդարանում տեղի ունեցած փակ հանդիպումների ժամանակ իրենք բարձրաձայնել են բանակի սննդի ու հագուստի հետ կապված հարցեր. «Գնացել ենք առաջնագիծ, տեսել ենք սնունդը: Այդ սնունդը բացում, գցում էին շների դեմը, շները չէին ուտում: Էտիկետները բերել էինք ու այստեղ ներկայացրեցինք: Հարգելով այդ փակ հանդիպման կոնտեքստը՝ բոլոր մանրամասները չեմ ուզում ասել, առիթ ունեցել ենք խոսելու, խոսքը գնացել է բանակում հագուստի, սննդի, այլ պայմանների մասին: Այս ամենը բարձրաձայնվել է, դրանից հետո փոփոխություններ մտան, բայց երբ այս ամենը տեսնում ես… Ճիշտ կլինի, որ այս ամենը տեղը դնելու գործընթացն իր վերջնական նպատակին հասնի»:

Արմեն Ռուստամյանն ասում է. «Գործը այստեղ չպետք է կանգնի: Եթե գեներալ Մանվելը անձեռնմխելի չի, ճիշտ կլինի, որ որեւէ մեկը անձեռնմխելի չլինի եւ բանակը թափանցիկ ղեկավարել-կառավարելու գործընթացը պետք է ամբողջովին իրականացվի:

Լրագրողները հետաքրքրվեցին`լսե՞լ է պատմություններ, որ իննսունականներին Մանվել Գրիգորյանը նաեւ Արցախում, ազատագրված տարածքներում է թալան իրականացրել: Արմեն Ռուստամյանը պատասխանեց`բամբասանքներով չի զբաղվում. «Հիմա փաստերով ենք խոսում, դրանց համար էլ է փաստեր պետք»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելուն, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ամեն ինչ չպետք է խառնել իրար: Մենք էլի ունեցել ենք ազգային հերոսներ, որ հայտնվել են ճաղերի հետեւում: Մենք, իհարկե, պետք է իրերն իրենց անուններով կոչենք եւ ամեն ինչ չծայրահեղացնենք»: Ասաց`անցյալի գնահատականները չպետք է խառնենք ներկայիս գնահատականների հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Շատ մի մտահոգվեք, ադրբեջանցիների համար կոռուպցիան կենսակերպ է, իրենց ժողովուրդն ավելի վատ բաներ գիտի,պարզապես այդ մասին չեն հրապարակում, նրանց մոտ ամեն ինչ գաղտնի է, ով կհամաձավի մամուլում մեկ բառ գրել: Արտերկրում ապրող ադրբեջանցիները նախանձով են խոսում մեր երկրում տեղի ունեցեղ բացահայտումների մասին: Ասում են, երանի մեզ մոտ էլ մի Նիկոլ Փաշինյան լիներ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930