Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուժկու հարված ոչ միայն ՀՀԿ-ին

Հունիս 18,2018 14:01

ԱԱԾ-ի կողմից երեկ ներկայացված տեսանյութը դիտելուց հետո դժվար է գտնել որևէ բանական էակ, որ փորձի մեղմացուցիչ հանգամանքներ գտնել ԱԺ-ի պատգամավոր, ԵԿՄ-ի նախագահ, ՀՀ և Արցախի հերոս, լեգենդար զորավար Մանվել Գրիգորյանի գործողություններում:

Տարիներ շարունակ ՀՀ-ի 3-րդ նախագահ, ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը իշխանությանը և իր համակիրներին հորդորել է, որ կարևորը թղթերում ամեն ինչ կարգին լինի:

ԱԺ-ի վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հերթական տարեկան հաշվետվությունը տալիս բարձրաձայնել էր, որ բյուջեի կատարողականում մսխումը լուրջ տոկոս է կազմում: ՀՀ 3-րդ նախագահը հրապարակավ նրան կշտամբեց, սակայն որոշ կուսակիցներ հորդորին ականջալուր չեղան և թղթերը կարգի չբերեցին:

Արդյունքում ունեցանք այն, որ Մանվել Գրիգորյանը ոչ թե թղթերով կարգին չէր աշխատել, այլ պարզապես մարդկային որակներում տեղի էր տվել բնազդին և վերջ:

Դժվար է մտածել «լեգենդար հերոսը» գեթ մեկ ակնթարթ փորձել է իրեն հաշիվ տալ և հասկանալ, թե ինչ է անում:

Նա իր ապրած կյանքով ոչ միայն վարկաբեկեց իր ընտանիքին, կուսակիցներին, բանակին, ԵԿՄ-ին, այլև լուրջ հարված հասցրեց մատաղ սերնդի դաստիարակությանը:

Քառօրյա պատերազմից հետո հերոսական ճակատամարտ տված զինվորները սննդի, դեղորայքի պակասի պայմաններում հավատ են ունեցել, որ իրենց ուղարկված ծանրոցները տեղ կհասնեն: Փոխարենը Գյումրու դպրոցի տարրական դասարանների աշակերտների ծանրոցները հասել են մանվելի Արջերին…: Սա իրոք վերջն է:

Եվ հետաքրքիր է, թե տեսանյութը դիտելուց հետո ի՞նչ է մտածում ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը` լինելով նրա զինակիցը և ընտանիքի մտերիմը:

Կարծում եմ, ԱԺ-ի պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցում ՀՀ դատախազի կողմից ներկայացված փաստարկների պայմաններում առաջինը ՀՀԿ-ն պետք է քվեարկի նման պատգամավորին անձեռնամխելիությունից զրկելու համար: Միայն այդ դեպքում ՀՀԿ-ն կարող է դառնալ կառուցողական ընդդիմություն: Հակառակ պարագայում կհայտնվի քաղաքական հարթակի լուսանցքում:

Կդատվի, թե չի դատվի Մանվելը` սա արդեն էական չէ, բայց նա պետք է զրկվի զինվորական կոչումներից և բարձրագույն պարգևներից:

Այլևս նման լեգենդար հերոսներ մեր ազգին պետք չեն:

 

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930