«Ամենախիստ կերպով դատապարտում ենք այս երեւույթը: Օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- խորհրդարանական ճեպազրույցներում, անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների արդյունքում հայտնաբերված սննդին եւ տեխնիկային, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորը կարծում է, որ միայն Մանվել Գրիգորյանը չպետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար. «Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում մենք ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ մարմիններ, որոնք համակարգել են`օգնություն ստանալը, այն ուղղորդելը, բաշխելը։ Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, մի տեղ պահես: Իմացող թաքցնողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Այլ մանրամասները`շուտով տեսանյութում
Aravot.am-ի հարցին`ՀՀԿ-ն, որն այն ժամանակ իշխանություն էր, պե՞տք է պատասխանատվություն կրի: Էդմոն Մարուքյանը պատասխանեց`թեեւ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, բայց խմբակցության անդամ է, հետեւաբար, խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի եւ աջակցի իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված կարգով արդարադատություն իրականացվի։
Այլ մանրամասները`տեսանյութում
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ կարծում է, որ սա առաջին եւ վերջին դեպքը չի լինելու: Ենթադրում է, որ առաջիկայում կլինեն այլ բացահայտումներ էլ: «Սա այն կոռումպացված համակարգն է, որի հետեւանքով կռվում էինք 80-ականների զենքով»,- ասաց նա`հավելելով, որ ցավ է ապրում, որ քննարկում ենք Արցախի հերոսի հարցը`կատարվածի համատեքստում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ