«Պետք է հասնել ՀՀԿ-ին ԱԺ-ից վտարելու գործընթացին»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: «Մենք ոչ մի պաշտոն չենք ուզում, թող կառավարությունը հաջողի: Այս քաղաքական ուժը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին) վերադարձրեց մեզանից եւ ժողովրդից գողացած իշխանությունը: Այն, որ դա մեր քաղաքական ուժը չիրականացրեց, մեզ չի տեղափոխի խռովության դաշտ»,-վստահեցրեց նա:
Արամ Մանուկյանի բնորոշմամբ՝ ՀՀԿ-ն ներսից թշնամու առաջ դարպասներ բացող ուժ է. «Այդպես կանեն, եթե դա կպահի իրենց իշխանությունը: Ես ձեզանից շատ բան գիտեմ…»: Արամ Մանուկյանի խոսքով՝ դեռ կբացահայտվի, թե նախորդ իշխանությունները տասնյակ տարիներ շարունակ ինչեր են արել. «Ովքե՞ր են մեղավոր, որ Արցախյան պատերազմից հետո խաղաղ պայմաններում չորս հազար զինվոր է զոհվել»: Ապա նա կոչ արեց ՀՀԿ-ին ընդդիմադիր չանվանել, ինչպես իրենք են պնդում: «Կոռուպցիայի մեջ թաթախված քաղաքական ուժը ընդդիմադիր լինել չի կարող»,-ասաց նա:
Նաեւ համոզմունք հայտնեց, որ Մարտի մեկի բացահայտումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար այս հեղափոխության արդարացումը պետք է լինի. «Մարտի մեկի արյան միջոցով իշխանություն վերցրին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ես տեսել եմ զոհերի ծնողների ուրախության արցունքները, որ Մարտի մեկը կարող է բացահայտվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ