Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի ու վերջինիս անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի: Դրանք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ կառավարության գործունեությանն ու ծրագրերին՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներին: Դիվանագետների խնդրանքով գործադիրի ղեկավարը ներկայացրել է իր դիտարկումները մեր երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի հետ կապված:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին և խոսել Ռուսաստանի, Եվրոպական միության, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ հարաբերությունների մասին:
Վերոնիկ Ռոժե-Լականը շնորհակալություն է հայտնել վարչապետին անկեղծ և անմիջական երկխոսության համար՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է զարգացնել ու խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ