Հունոտի կիրճը հայտնի է որպես արցախցիների ու Արցախ ժամանած հյուրերի, զբոսաշրջիկների կողմից սիրված վայր: Հունոտի կիրճում գտնվող «Զոնտիկներ» կոչվող յուրօրինակ տեսարժան վայր հասնել այսուհետ կարելի է ավելի կարճ, բարեկարգ ու ապահով արահետով: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) համագործակցության շրջանակում ոչ միայն բարեկարգվել է արահետը, այլև կառուցվել է փայտե ապահով կամուրջ՝ գետն անցանելի դարձնելու համար:
Կամուրջի բացումն ազդարարվեց հունիսի 17-ին՝ հետաքրքիր միջոցառմամբ, որին ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Հայ լեռնագնացների միության անդամներ, ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցներ, զբոսաշրջիկներ:
« Հայ լեռնագնացների միության (Armenian hikes association) հետ իրականացվող համագործակցությունը շարունակական է լինելու: Արդյունքում Արցախի հրաշալի բնությունն ու տեսարժան վայրերը ավելի հասանելի կդառնան զբոսաշրջիկներին: Հունոտի կիրճ տանող արահետի բարեկարգումն այս ծրագրի հաջող մեկնարկն է»,- նշել է նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, այդ թվում կամավորներին, ովքեր ներգրավված են եղել աշխատանքներին:
Բարեկարգման գաղափարը ծագել է անցած տարի, երբ Թելմա Ալթունն Արցախում էր: Արշավի ընթացքում հասնելով Հունոտի կիրճ՝ խոստացավ, որ կամուրջների հարցը կլուծվի: «Առաջին կամուրջն արդեն պատրաստ է: Ծրագրում ենք Շուշիից մինչև Քարին տակ հատվածում երեք կամուրջ կառուցել: Բացի դրանից, ծայրից ծայր բարելավվել է ամբողջ արահետը, դժվարանցանելի հատվածները փոխվել են, նոր արահետներ են կառուցվել»,- Հայ լեռնագնացների միության ներկայացուցիչ Գևորգ Գասպարյանն է հպարտանում:
Երկրորդ փայտե կամուրջը կսկսեն պատրաստել հուլիսին: Նախաձեռնության հեղինակները համոզված են՝ արցախյան հայտնի բնապատմական արգելոց տանող արահետի բարեկարգումը ավելի մեծ թվով այցելուներ կապահովի:
Մամուլի հաղորդագրություն