«Սթրես եմ ապրել, գիշերը չեմ քնել: Անգամ «ֆեյսբուքյան» գրառումներում փորձում եմ զուսպ լինել որպես քաղաքական գործիչ»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն փաստին, որ ըստ ԱԱԾ տեսանյութի՝ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել https://www.aravot.am/2018/06/18/964916/ Գրիգորյանի պահեստներում հայտնաբերվել են ապրիլյան գործողությունների ժամանակ բանակին ուղարկված նվիրատվությունները, ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նա խոսք ուղղեց գեներալ Մանվել Գրիգորյանի ընկերոջը՝ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին:
«Սեյրան ջան, գեներալ-կռված մարդ ես, հիմա էլ չգիտե՞ս, թե ովքեր են թալանել մեր բանակը, ովքեր են բանակի գողերը եւ զինվորի բաժինն ուտողները»,-ասաց նա:
Արամ Մանուկյանն ընդգծեց, որ բոլոր քաղաքացիները Մանվել Գրիգորյանի պահեստներում հայտնաբերվածի պատճառվ լիքն են ատելությամբ, բացի անեծքից ու հայհոյանքից ուրիշ խոսքեր չեն լսվում, բայց բոլորը պարտավոր են ատելությունը վերածել ստեղծարար ուժի. «Այդ ուժը պետք է մեր ցանկություններն իրականություն դարձնի ոչ թե ինքնագործունեությամբ, այլ սթափ-հաշվարկային գործողություններով: Բոլորը պետք է աջակցենք կառավարությանը՝ այդ խնդիրները լուծելու համար»:
Արամ Մանուկյանը հարցադրումներ արեց. «ՊՆ-ն չգիտե՞ր, որ իր մեքենաները հայտնվել են այդ պահեստներում, եւ այսօր այդ պաշտոնյաներն ընդդիմադիր են խաղում…Բա արջերին կերակրողը չգիտե՞ր, որ զինվորի բաժին է տալիս կենդանուն: 1000 դրամ ուզելը բա բարոյական է՞»:
ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ իշխանություններին պետք է ժամանակ տալ խնդիրները հանգիստ լուծելու համար, որպեսզի սայթաքումներ եւ սխալներ չլինեն. «Խոսքը վերաբերում է նաեւ երկրապահներին, Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին, որոնք ժամ առաջ ցանկանում են փոփոխություններ տեսնել: Ատելությունն այն ոսկին չէ, որով պետք է կոճակ գնել, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասել: ԵԿՄ վարչությանը չխառնեք ազատամարտիկների հետ, որոնք այսօր հացի կարոտ են եւ միայն հարգանքի են արժանի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ