Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը արդարացվի». Էդուարդ Շարմազանով.

Հունիս 18,2018 12:28

«Հայաստանի ցանկացած քաղաքացի այդ տեսանյութը տեսնելուց հետո մեկ զգացողություն ունի`վրդովմունք, հիասթափություն: Ճիշտ է, կա անմեղության կանխավարկած: Ես դատավոր չեմ: Բայց եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, դրան արդարացում չկա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին:

Էդուարդ Շարմազանովը երեք կարեւոր հանգամանք է նշում` կա անմեղության կանխավարկած, իրավապահների գործողություններին որեւէ մեկը չպետք է միջամտի եւ ամբողջական քննություն պետք է իրականացվի. «Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը արդարացվի: Առհասարակ, արդարացում չկա բյուջեից փող գողանալը, բայց զինվորից…»:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս պահին դատախազությունից միջնորդություն Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին, չեն ստացել: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազն արդեն դիմել է վարչապետին՝ ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու համար:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ շուտով կլինի ՀՀԿ-ի պաշտոնական գնահատականը, որը շատ չի տարբերվի իր անձնական գնահատականից. «Եթե դատարանը որոշի, Աշոտյանն անձնական ողբերգություն է ապրելու՝ ըստ իրեն, ես անձնական հիասթափություն»:

Aravot.am-ի դիտարկմանը`քառօրյա պատերազմից հետո մամուլը բազմաթիվ անգամներ գրել է այն մասին, որ Մանվել Գրիգորյանի բակում եւ տան պահեստներում են հայտնվել բանակին օգնություն տրված զինտեխնիկա, զենք, սնունդ, ինչո՞ւ ՀՀԿ-ական իշխանությունը ընթացք չտվեց այդ հրապարակումներին եւ խոսակցություններին, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց, որ ՀՀԿ-ն բազմաթիվ անգամներ է հայտարարել`որեւէ օրինախախտում, առավել ևս նման օրինախախտումը, չի արդարացնելու. «Ամենախիստ գնահատականն ենք տալու, բայց քանի դեռ չկա դատարանի վճիռ…»:

Հարցին`Սերժ Սարգսյանը գիտե՞ր այն ամենի մասին, ինչ արել է Մանվել Գրիգորյանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իհարկե`ոչ»:

Ապա հավելեց. «Ես կրում եմ պատասխանատվություն իմ կուսակցության եւ իմ արարքների համար: Իմ ճակատը բաց է, ես բաց ճակատով եմ ասում, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող ամենայն խստությամբ պատժվեն»:

Նախօրեին, ձերբակալումից հետո, Էդուարդ Շարմազանովն ու խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այցելել էին Մանվել Գրիգորյանին: Մեր հարցին`ի՞նչ եք խոսել Մանվել Գրիգորյանի հետ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանի հետ, երբ հանդիպել եմ, այս նյութերը չեն եղել: Իր առողջական վիճակից ենք հարցրել, ինքն ասել է, որ այդ զենքն իրենը չէ: Ավելին, նշել է, որ կա մարդ, որ էդ զենքն էդ մարդն է տարել, արցախյան պատերազմի հետ կապված`նամակների, պայոկների խնդիրը չի եղել»:

Զինվորի հացը գողանալու երեւույթը Էդուարդ Շարմազանովը դավաճանություն է համարում:

Էդուարդ Շարմազանովը հորդորում է սպասել եւ լսել նաեւ Մանվել Գրիգորյանի եւ նրա փաստաբանի հայտարարությունները: Հիշեցնենք, քիչ առաջ Մանվել Գրիգորյանի փաստաբաններից մեկը հրաժարվել է նրա պաշտպանությունից:

Հարցին`ՀՀԿ-ն իրեն քաղաքական պատասխանատու չի համարում Մանվել Գրիգորյանի արարքների համար, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց` հիշեցնելով ապրիլի 24_ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Մանվել Գրիգորյանի հայտարարությունը. «Մանվել Գրիգորյանն ամսի 24-ին ինքն էր ասում, որ ինքը ՀՀԿ-ական չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930