«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ մի շարք փոփոխություններ, որոնք կուսակցությունը գրավոր հղելու է նոր կառավարությանը: Դրանցից առաջնայինը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, նորարար համակարգերից մեկի՝ «Բլոկչեյնի» ներդրումն է. «Երբ այդ համակարգում տվյալներ են ներմուծվում, դրանք փոփոխել չի լինում: Այսինքն, հնարավոր չէ մուտքագրված տվյալներն ընդհանուր տվյալների բազայից փոփոխել»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կուսակցությունն առաջարկում է նաեւ տեղադրել անձնագրերի սքաներներ, որոնք վիզուալ կկատարեն անձի եւ անձնագրի լուսանկարի նույնականացում. «Դա ավելի ապահով է, քան մատնահետքը: Քաղաքացին անմիջապես նույնականացվում է՝ իր տվյալներով մուտքագրվելով բազա»:
Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ անհրաժեշտ է նաեւ քվեաթերթիկները տեղում տպել ու տալ քաղաքացուն՝ կրկնաքվեարկություններից խուսափելու համար: «Ժառանգությունը», ինչպես Մարտիրոսյանը նշեց, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում նախատեսող նոր կառավարությանը առաջարկում է նաեւ վերացնել վարկանիշային ընտրական համակարգն ու անցնել համամասնականի:
Բանախոսը հավելեց, որ նշյալ տեխնիկական միջոցների ներդրումը մոտ երկու միլիոն դոլարի ծախս է առաջացնելու, իսկ «բլոկչեյն» համակարգը աշխարհում վաղուց հայտնի է որպես անվտանգ համակարգ. «Հայաստանը կլինի առաջինը, որը ընտրություններում կկիրառի այդ տեխնոլոգիան»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2032993840052454/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ