Թավշյա հեղափոխությունն ինչպես շատերի, այնպես էլ իմ մեջ հույսեր է արթնացրել, որ նորաստեղծ իշխանությունը կդադարի դրսեւորել հին իշխանություններին հատկանշական կաստայի կամ փակ ակումբի վարքագիծ, եւ արդյունքում համապատասխան կրթություն, կրեատիվ ներուժ եւ ազնիվ քաղաքական հետաքրքրություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ուժերի ներածի չափով ներդրում ունենալու պետական կառավարման արդյունավետության բարձրացման գործընթացներում: Արդյոք իրականում նման մեխանիզմներ ու հարթակներ ստեղծվե՞լ են Փաշինյանի կառավարության կողմից: Ներկայիս քաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, եւ ես, որպես նախկինում ընտրական գործընթացներին թեկնածուի կարգավիճակով մասնակցած քաղաքացի, ունենալով նաեւ առաջիկա ընտրություններին մասնակցելու հաստատակամություն, հետաքրքրվեցի, թե նոր Ընտրական օրենսգրքի մշակմանը մասնակցելու ինչպիսի՞ հնարավորություններ կան: Պարզվում է, որ վարչապետի հանձնարարականով այս խնդրով զբաղվում է Դանիել Իոննիսյանը, որն իր հայեցողությամբ ընտրում է գործընթացի մասնակիցներին, որոշում, թե որ քաղաքական ուժերի հետ քննարկի խնդիրը, կամ քաղաքացիական հասարակության որ հատվածին ներգրավի գործընթացներում: Քանի որ հավանականությունը, որ ես որեւէ կերպ կհայտնվեմ «ընտրյալների» ցանկում կամ հնարավորություն կունենամ որեւէ ձեւաչափով մասնակցության հրավեր ստանալու, գրեթե զրոյական է, ուրեմն ինձ համար գործընթացին մասնակցելու միակ ընդունելի ձեւաչափը հրապարակախոսական հոդվածների միջոցով խնդրի մասին տեսակետներս հայտնելն է:
ՀՀ Սահմանադրությունն ԱԺ ընտրությունների համար սահմանում է միայն համամասնական ընտրակարգ, այնուամենայնիվ ես կցանկանայի, որպեսզի մեխանիզմներ ստեղծվեին, թեկուզ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածի փոփոխության գնով, եւ ընտրությունները կազմակերպվեին բացառապես մեծամասնական սկզբունքով: Սա են պահանջում հայաստանյան ներքաղաքական իրողությունները, եւ առաջարկս հիմնավորելու նպատակով նախ կանդրադառնամ համամասնական ընտրակարգի բացասական դրսեւորումներին, ապա կխոսեմ այն առավելությունների մասին, որոնք ես ակնկալում եմ բացառապես մեծամասնական ընտրակարգից: Համամասնական ընտրակարգի թերությունները. ոչ ոք չի կարող պնդել, թե գոնե մի քանի կուսակցություններ, այդ թվում նաեւ խորհրդարանական բոլոր ուժերը, Հայաստանում կայացել են, եւ իրենց ներկուսակցական ժողովրդավարական մշակույթը հիմք է տալիս մտածելու, որ նրանք հաջողությամբ կարող են ստանձնել իշխանությունն ամբողջությամբ եւ երկիրն առաջնորդել դեպի վերելք: Ինչո՞ւ պետք է երկրի ողջ իշխանությունը վստահել դեռեւս չկայացած կառույցների՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ երկրում կան բազմաթիվ անկուսակցական քաղաքացիներ, որոնք կարող են անաչառ ու բարձրորակ ծառայություններ մատուցել պետական համակարգին: Համամասնական ընտրակարգը մեծ խոչընդոտ է հանրության դրական ներուժը պետականաշինության գործընթացներում ողջ ծավալով ներգրավելու հարցում, եւ վերջին կադրային նշանակումները կարծես թե ապացուցում են այս տեսակետը: Համամասնական ընտրակարգի պայմաններում եզակի չեն դեպքերը, երբ խոսակցություններ են տարածվել կուսակցության կողմից իր անցողիկ տեղերի «վաճառքի» մասին: Այս ճանապարհով ԱԺ են անցել բազմաթիվ գործարար պատգամավորներ, բայց անհրաժեշտության դեպքում նրանք լքել են իրենց ԱԺ բերած կուսակցությունը, քանի որ չեն եղել դրա գաղափարների կրողը: Կուսակցություններն էլ, իրենց հերթին, հոգ չեն տարել քաղաքական գործընթացների բովանդակությունը պահպանելու առումով:
Համամասնական ընտրակարգի մյուս կարեւորագույն հիմնախնդիրն այն է, որ մարդիկ ընտրում են տվյալ կուսակցության լիդերին ոչ թե նրա քաղաքական հայացքների, այլ անձնական, մարդկային որակների պատճառով, եւ այդ մարդու «բրենդային» անունը մեծաթիվ ձայներ է ապահովում կուսակցությանը: Այս պարագայում տվյալ լիդերը հնարավորություն է ունենում ընտրական ցուցակները կազմելու սեփական հայեցողությամբ, ինչի արդյունքում ԱԺ կարող են անցնել անձնական կապերի հաշվին ցուցակում ավելի շահեկան տեղ զբաղեցրած, բայց ընտրական գործընթացներում նվազ ներդրում ունեցած թեկնածուները: Նման իրավիճակներում վերանում է կապը ընտրված պատգամավորի եւ կոնկրետ տարածքի ընտրողների միջեւ: Եթե օրինակ` Վանաձորը մեծ թվով ձայներ տա կոնկրետ կուսակցության լիդերին, բայց պատգամավոր դառնա ինչ-որ մեկն այլ մարզից, ով փեսա լինելու բերումով առավել շահեկան տեղ է զբաղեցնում ցուցակում, ապա տվյալ տարածքի ընտրողների ներկայացվածությունն ԱԺ-ում կլինի թերի: Համամասնական ընտրակարգի պայմաններում մեզ հայտնի են մեխանիզմներ, երբ կուսակցության թեկնածուների ցուցակի յուրաքանչյուր անդամ նախապես մանդատից հրաժարվելու դիմում է գրել, ինչն ինքնին ոտնձգություն է ոչ միայն տվյալ թեկնածուի, այլ նաեւ ընտրողների իրավունքների նկատմամբ: Հայաստանում համամասնական ընտրակարգի կիրառումը հանգեցրել է ոչ թե նմանատիպ գաղափարախոսությամբ կուսակցությունների միավորման, այլ մուտացիաների: Որոշ պսեւդոկուսակցությունների ղեկավարներ ընդգրկվում են առավել մեծ կուսակցությունների ընտրական ցուցակներում (ՀՀԿ ցուցակ` ՔԴՄ, Բաբուխանյան, Գեղամյան, ԲՀԿ` Արսենյան ՄԱԿ, Ուրիխանյան Ալյանս) ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու նպատակով, բայց ձեւականորեն պահպանում են իրենց կուսակցությունները: Այս համագործակցությունը չի բխում գաղափարական ընդհանրություններից, այլ զուտ միջոց է ԱԺ-ում հայտնվելու համար:
Ինչ խնդիրներ կլուծվեն մեծամասնական ընտրակարգի միջոցով: Մեծամասնական ընտրակարգը մինչ այժմ ընդունված էր համարել ունեւորների համար պատգամավորի մանդատ ձեռք բերելու մեխանիզմ: Բայց քանի որ բոլորս հույս ունենք, որ թավշյա հեղափոխությունը պետք է բացառի ապաքաղաքական մարդկանց հավակնությունները քաղաքական ասպարեզում, ապա այս պայմաններում մեծամասնական ընտրակարգը նոր հնարավորություններ կարող է բացել քաղաքական գործընթացներում: Ընտրությունները պետք է դադարեն լինել ֆինանսական ռեսուրսի պայքար եւ պետք է վերաճեն գաղափարական պայքարի հարթակի, որտեղ թեկնածուների համար մրցակցային գործոններ կլինեն իրենց համոզիչ եւ արդյունավետ գաղափարները, լավ կրթությունը, կատարած գործերն ու բարոյական կերպարը: Այն պայմաններում, երբ երկրի բնակչության կեսից ավելին աղքատ է, նրանք հնարավորություն չունեն ստեղծելու իրենց շահերը ներկայացնող կուսակցություն, իսկ առկա քաղաքական կուսակցությունները չեն համախմբում բոլոր կարող ուժերին, ուստիեւ մեծամասնական ընտրակարգի միջոցով պետք է հնարավորություն տալ անկուսակցական քաղաքացիներին նույնպես երկրի կառավարմանը մասնակցելու հավակնություն ունենալ: Մեծաթիվ աղքատ բնակչություն ունենալու փաստը մեզ նաեւ պարտավորեցնում է վերացնել մեծ ընտրագրավի գաղափարը, ինչպես նաեւ պետական միջոցների հաշվին հոգալ բոլոր գրանցված թեկնածուների նվազագույն ծախսերը` հեռուստաեթերները եւ քարոզչական նյութերի տպագրությունը: Բացառապես մեծամասնական ընտրական համակարգը կարող է ստիմուլ հանդիսանալ նաեւ կուսակցությունների զարգացման եւ դրանցում էլիտաների բարեփոխման տեսանկյունից: Հայտնի է, որ տասնամյակներով բազմաթիվ կուսակցությունների վերնախավերն անփոփոխ են, ինչը երբեմն հասարակության կողմից շատ բացասական է գնահատվում: Մեծամասնական ընտրակարգի դեպքում որեւէ կուսակցություն, որը կցանկանա ներկայացված լինել ԱԺ-ում, ստիպված կլինի շատ զգուշորեն ընտրել այն դեմքերին, ում միջոցով պետք է ներկայանա ընտրողին եւ փորձի առավելագույն քվեներ ստանալ: Սա կհանգեցնի նաեւ նոր լիդերների ներգրավման անհրաժեշտությանը, ինչն ինքնաբերաբար կբերի կուսակցությունների կաստայական բնույթի փոփոխության: Հասարակական-քաղաքական հարաբերությունների զարգացման ներկայիս իրավիճակում, երբ երկրում ստեղծված է մեծ քաղաքական անորոշություն, կուսակցությունների վարքագիծը շատ դեպքերում անկանխատեսելի է, եւ վերջին տարիներին դրանցից եւ ոչ մեկը կանգնած չի եղել երկրում ծավալված որեւէ կարեւոր հասարակական գործընթացի, շարժման հիմքում, մեծամասնական ընտրակարգը կարող է հանդիսանալ այն կարեւոր մեխանիզմը, որի միջոցով պետականաշինության գործընթացների շուրջ կհամախմբվի հասարակության իրական ընտրանին` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից:
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
15.06.2018
Անգլիայում գործող մեխանիզմը, երբ որպես ամբողջություն կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, սակայն առանձին ընտրատարածքներում առաջադրվում են անհատ կուսակցականները, լուծում են մեծամասնականի և համամասնականի խնդիրները: