Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ փորը թափողը չի ծնվել»

Հունիս 18,2018 12:30

Կացնով սպանել էր կնոջ մորը,
վնասվածքներ հասցրել կնոջն ու նրա հորը

Վլադիկ Մարտիրոսյանին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից վերաքննիչ քրեական դատարան չէին բերել: Դատարան չէր ներկայացել նաեւ նրա պաշտպանը` Լիանա Գասպարյանը: Իսկ թե ինչու՝ պարզ չէր:

Վլադիկ Մարտիրոսյանի պաշտպանը բողոք էր բերել եւ նախորդ օրը անդրանիկ քննարկումն էր նշանակվել:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Երեւանի Ս. Տարոնցի 7 շենքի բակում, որդուն տեսնելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ, այս քրեական գործով երկրոդ ամբաստանյալ Թագուհի Մանսուրյանի հետ: Ամուսինը բռնել է Թ. Մանսուրյանի ձեռքերը, քաշքշել է՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Օրեր հետո ամբաստանյալը հունիսի 21-ին մայրաքաղաքի Շիրակի 45/2 հասցեում գտնվող «Մհեր Մար» խանութի դիմաց վիճել է Թագուհու հոր, այս գործով տուժող Վաչագան Մանսուրյանի հետ, սպանության սպառնալիք է տվել ընտանիքի անդամների հասցեին, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածել Վ. Մանսուրյանի դեմքին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:

Իսկ հունիսի 22-ին, ժամը 11:00-ին, Ս. Տարոնցի 7 շենքի բակում որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորը` Կարինե Մանսուրյանին եւ նրա ընտանիքի անդամներին:

Ողբերգության սկիզբը դրվել է հուլիսի 8-ին, ժամը 01:00-ի սահմաններում, երբ կրկին վիճաբանել է Թ. Մանսուրյանի հետ, ձեռքերով հարվածել կնոջ գլխին, թեւին` պատճառելով ֆիզիկական ցավ, ապա վիճաբանությանը միջամտած Թագուհու մորը` Կարինեին:
Ի դեպ, ավարտվում է մեկ այլ դատարանում 3-րդ խմբի հաշմանդամ ամբաստանյալի նկատմամբ հարուցված թվով երկրորդ քրեական գործը՝ որն անջատվել էր այս գործից: 2016թ. հուլիսի 8-ին, ժամը 4-ի սահմաններում, Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցք 7-րդ շենքի 1-ին բնակարանի դիմաց գտնվող աստիճանահարթակում Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանել է Կարինե Մանսուրյանի հետ, կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ սպանելով Կարինե Մանսուրյանին, ապա` կացնով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշեմ, որ «Մհեր Մար» խանութ-սրահի տեսախցիկների տեսագրությամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից տրամադրված լազերային սկավառակի ձայնագրառման բովանդակությամբ հաստատվել է Վաչագանի նկատմամբ կատարվածը:

Այդ գործով տուժող են ճանաչվել հանգուցյալը, ամուսինը եւ աղջիկը` Թագուհին:

Վերաքննիչ քրեական դատարանում վիճարկվելու է 2018 թ. մարտի 28-ի դատավճիռը: Համաձայն այդ դատավճռի, Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի ժամկետով ազատազրկումը եւ տուգանք՝ 80.000 ՀՀ դրամի չափով:
Իսկ երկրորդ ամբաստանյալի` Թագուհի Մանսուրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի՝ 70.000 ՀՀ դրամի չափով:
Թագուհի Մանսուրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Թագուհուն մեղադրանք էր առաջադրվել կացնով ամուսնուն «ճանկռելու» համար, դիմադրելու:
Առաջին ատյանի դատարանը Թագուհի Մանսուրյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ խնամքին մինչեւ 14 տարեկան մեկ զավակ կա: Դատարանը Թագուհու պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում, 1686 եւ 1502 եզրակացություններով, «Մհեր Մար» խանութ սրահի տեսախցիկների տեսագրությամբ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից տրամադրված լազերային սկավառակի ձայնագրառման բովանդակությամբ:


Տուժող Վաչագան Մանսուրյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ամբաստանյալի պաշտպանը միջնորդել է, որպեսզի կացնահարված կնոջ` հանգուցյալ Կարինե Մանսուրյանի կողմից հետաքննության մարմնին տրված բացատրությունները ճանաչվեն անթույլատրելի, եւ քանի որ «նախաքննության մարմինը զրկված է եղել Կարինե Մանսուրյանին որպես տուժող կամ վկա հարցաքննելու հնարավորությունից, հետեւաբար, Կարինեի բացատրությունները ճանաչվել է ապացույց վարույթն իրականացնող մարմնի որոշումներով քրեադատավարական օրենքով սահմանված կարգի պահպանմամբ, ուստի դրանք թույլատրելի ու վերաբերելի են»: Ըստ տուժողի (լուսանկարում)՝ նախորդ քրեական գործով ամբաստանյալի պաշտպանը միջնորդել էր, որպեսզի պայմանական տան, կամ փորձաշրջան, քանի որ նրա «պաշտպանյալը վտանգ չի ներկայացնում: Մինչդեռ, պաշտպանն իր մեղքի բաժինն ունի, պատժի կրումը չավարտած՝ նա սպանեց կնոջս, եւ վնասվածքներ հասցրեց ինձ ու աղջկաս»:
Հանգուցյալ Կարինե Մանսուրյանի կողմից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում տրված բացատրության համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան անախորժությունների պատճառով դուստրը եւ Վլադիկն ամուսնալուծվել են դատարանով: Վճռում նշված է եղել տեսակցություն Վլադիկի եւ երեխայի միջեւ, ինչպես նաեւ սահմանվել է ալիմենտի գումարի չափ՝ 20.000 ՀՀ դրամ: ԴԱՀԿ ծառայությունում հունիսի 3-ին ժողով է եղել, որ Թագուհուն ենթարկեն վարչական տուգանքի, քանի որ նա 5 անգամ տանելուց հետո Վլադիկի արարքների պատճառով չի թույլատրել տեսակցել երեխային. «Ժողովի ժամանակ կրկին ընդհարում է տեղի ունեցել Վլադիկի եւ դստեր միջեւ, ինչից հետո Վլադիկն ասել է, որ կվառի իրենց, կտեսնեն, որ երեխայի երկու տարին չի բոլորվի կամ կտանեն մանկատուն, ոչ նրան, ոչ իրենց: Ժողովի անդամներն արձանագրել են նրանց խոսակցությունը, Թագուհուն ենթարկել վարչական տուգանքի եւ ստորագրել արձանագրությունը: Վլադիկը ստորագրելուց հետո հանձնաժողովի անդամներին հարցրել է, թե երբ է տեսնելու երեխային, իսկ նրանք պատասխանել են, որ երեխային կտեսնի դատարանի որոշումից հետո: Այդ լսելով՝ Վլադիկն աղմուկ է բարձրացրել: Հայտնել է նաեւ, որ հունիսի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ինքը եւ ամուսինը նոր էին տուն եկել դատական բժշկի մոտից: Ամուսինը դուրս է եկել, նստել ավտոմեքենան, որ գնա, այդ ընթացքում զանգահարել է իրեն եւ ասել, որ Վլադիկը ավտոմեքենայի հետեւը կանգնած է, ինչ անի՝ գնա, թե մնա: Ինքն այդ ժամանակ լուսամուտից նայել է, իսկ Վլադիկը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել իրենց ընտանիքի հասցեին եւ սպառնացել, որ կվերացնի եւ կսպանի: Դա տեւել է մոտ 15 րոպե, ինչից հետո զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր նախկին փեսան ուզում է հարձակվել իր ամուսնու վրա, քանի որ ինքն այդպես է կարծել նախորդ օրվա դեպքի պատճառով: Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները եւ քանի որ իրենց խոսակցությունը հանգիստ չէր ընթանում, իրենց հրավիրել են ոստիկանության Շենգավիթի բաժին՝ հանգամանքները պարզելու նպատակով»:
Քչերը գիտեն, որ մասնագիտությամբ քանդակագործ էր Կարինեն, աշխատանք չլինելու պատճառով, նա պլաստիկ շշերից հուշանվերներ էր պատրաստում՝ հոգալով հիվանդ, նույնպես քանդակագործ ամուսնու կարիքները:

Բողոքի քննությունը վերանշանակվեց հունիսի 28-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

15.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930