Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության անդամների գնահատականները՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտմանը

Հունիս 18,2018 11:00

Երեկվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց Արշալույս գյուղում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքում նրա առանձնատանը կատարված խուզարկությունների վերաբերյալ տեսանյութ, ըստ որի՝ «Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին», նաեւ կառավարության անդամներն են իրենց ֆեյսբուքյան էջերում արձագանքում այս բացահայտմանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան. «Թե բա՝ ազգ֊բանակ։ Էս չե՞ք, այ սրբապիղծ հրեշներ»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան. «Անկախ այն զգացողություններից, որ առաջացնում են Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության նկարահանումները, օրինականությունը այլընտրանք չի ունենալու։

Իսկ նախկին և, ինչու ոչ, ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ եմ անում համագործակցել նոր իշխանությունների հետ։ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը»:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան. «Ապրիլյան պատերազմը նրանք վաղուց էին վաճառել՝ կանխիկով

Ինստիտուցիոնալ հիշողությունից

2016 թվականի ապրիլն էր։ Հրազդանում հայտարարված էին քաղաքապետի ընտրություններ։ Առաջադրված էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Սասուն Միքայելյանը և Հանրապետականից Արամ Դանիելյանը։ Պատերազմի առաջին օրերին դադարեցրինք քարոզչությունը, իսկ Սասուն Միքայելյանը մեկնեց ճակատ։ Պատերազմի բուն գործողություններից մի քանի օր անց քարոզարշավը վերսկսվեց։ Այդ օրերին մի առանձնահատուկ զգացում կար սահմանի տղերքի սխրանքից։ Ու այդ զգացումից ելնելով էլ մտածում էի, որ վերջ, սրանք դասեր քաղած կլինեն։ Էդ համատարած թալանից հետո, ինչի հետևանք էին նաև մեր կորուստները, ՀՀԿ-ն կանգ կառնի ու կասի՝ սկսում ենք նոր էջից. ոչ մի կեղծիք, ոչ մի ընտրակաշառք։

Բայց ընտրությունից երկու օր առաջ սկսվեեեց։ Ու ամենաողբերգականը մի տեսարան էր, որը կյանքում չեմ մոռանա։ Հանրապետականի թեկնածուի շտաբներից մեկում, ըստ ահազանգի, ընտրակաշառք էին բաժանում։ Վազելով գնացինք այնտեղ, մտանք ներս։ Մի քանի մարդ ինչ-որ գումարներ ձեռքներին արագ-արագ դուրս եկան շտաբից։ Մենք աղմուկով առաջ գնացինք՝ որ թե՝ էս ինչ եք անում, այսքանից հետո ոնց կարելի պղծել տղերքի արածը, որոնք պայքարել են մեր պետության համար, ՀՀԿ շտաբի պետը ցույց տվեց ինչ-որ արկղեր ու ասաց՝ ոչ մի ընտրակաշառք, մենք այստեղ ապրիլյան պատերազմի համար օգնություն ենք հավաքում։ Մենք այս ամենը բարձրաձայնեցինք՝ ոչ մեկ չարձագանքեց։ Անճարությունից չգիտեինք ինչ անել։ Ու այս դեպքում ընտրությունները չէր խնդիրը։ Այլ այն, որ սրանք էն գլխից էին վաճառել պատերազմը…»:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է խուզարկության ընթացքում հայտնաբերված նամակներից մեկը. «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։

Դուխո’վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930