Բարբեքյու թանձրուկով համեմված խոզի կողիկները կարող եք պատրաստել ինչպես կրակի վրա, այնպես էլ՝ ջեռոցում: Դա հրաշալի տարբերակ է հատկապես այն դեպքերում, երբ դժվար է մանղալ գտնել՝ միսը խորովելու համար: Իսկ եթե թանձրուկին ավելացնեք նաեւ «հեղուկ ծուխ»՝ жидкий дым պատրաստի հեղուկը, ուտեստը նաեւ կրակի ու մոխրի համ կստանա:
Անհրաժեշտ մթերքները
Խոզի միս (ցանկալի է՝ կողիկները, սակայն մնացած հատվածներով էլ շատ համեղ կլինի)- 1-1,5 կգ
Սխտոր- 3 պճեղ
դափնու տերեւ-2 հատ
Թանձրուկի համար՝
Տոմատի մածուկ- 2 ճաշի գդալ
Կետչուպ- 4 -5 ճաշի գդալ
Մանանեխ- 2 ճաշի գդալ
Մուգ շաքարավազ (ցանկալի է մոսկավադո տեսակի)- 2 ճաշի գդալ
Աղ-1 ոչ լիքը ճաշի գդալ
Սեւ եւ կարմիր աղացած պղպեղներ-ըստ ճաշակի
Հեղուկ ծուխ- 2 ճաշի գդալ
Պատրաստի թանձրուկ «բարբեքյու»- 2 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Ձիթապտղի յուղ- 1ճաշի գդալ
Խնձորի քացախ- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Սկզբից պատրաստել թանձրուկը: Բոլոր բաղադրիչները լավ խառնել իրար: Եթե ժամանակ չունեք՝ կարող եք նաեւ պատրաստի բարբեքյու թանձրուկ օգտագործել, բայց այն նախ՝ բավականին թանկ է, երկրորդ՝ չափից դուրս սուր համ ունի: Բավական է ընդհանուր խառնուրդի մեջ ավելացնել մեկ-երկու գդալ պատրաստի «Բարբեքյու» թանձրուկից՝ յուրահատուկ բույրի եւ համի համար: Որոշ բաղադրատոմսերում նաեւ թանձրուկին ավելացնում են տապակած սոխի եւ սխտորի պյուրե կամ սոխի ու սխտորի փոշի: Իմ առաջարկած տարբերակում սոխ չկա ընդհանրապես, իսկ սխտորը թարմ տեսքով միանգամից մսի մեջ ենք «խցկում»:
Թանձրուկը պատրաստելուց հետո անցեք մսին: Լավ լվացեք, մաքրեք ջլերից, ավելորդ յուղերից, բայց մի շերտ ճարպ անպայման թողեք: Սխտորի պճեղները մի քանի շերտի բաժանեք, մսի մեջ անցքեր արեք՝ ոսկորների մոտ, սխտորի շերտերը մտցրեք մեջը: Միսը երկու կողմից լավ պատեք թանձրուկով, վրան դրեք դափնու տերեւը, ծածկեք փայլաթիթեղով եւ դրեք սառնարան՝ մի քանի ժամով: Կարող եք սառնարանում թողնել մինչեւ երեք օր:
Պատրաստի համեմված միսը կարող եք խորովել կրակի վրա կամ դնել ջեռոցը: Ջեռոցը տաքացրեք 200 աստիճան, միսը թողեք մոտավորապես մեկ-մեկուկես ժամով: Եթե սիրում եք կրակի համը՝ բաց վիճակում թողեք եփվի մինչեւ վերջ: Հակառակ դեպքում կես ժամ եփվելուց հետո ծածկեք փայլաթիթեղով, որ չվառվի: Հիշեք, որ թանձրուկի մեջ շաքար կա, եւ մսի վրայի շերտը հեշտ է այրվում:
Մատուցեք տաք վիճակում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ