Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը կրկնվում է

Հունիս 17,2018 22:42

Առաջինը չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀԿ իշխանության ավելի քան 20 տարում ՀՀ քաղաքացիներն անտեսված էին: Հիմա նույն քաղաքացիները նոր կառավարությունից կտրուկ քայլեր են սպասում ու դրանք ավելի կարեւորում քան բացահայտումները: Անցած շաբաթ հրապարակված երեք տեղեկություն չի խոսում կտրուկ քայլերի պատրաստակամության մասին:

Սերժ Սարգսյանի տունը

Անցած շաբաթ լրատվամիջոցները տեղեկացրեցին, թե նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի առանձնատան հարցը դեռ լուծված չէ: Սերժ Սարգսյանի համար առանձնատուն գտնելու հանձնարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր մայիսի 11-ին՝ վարչապետ դառնալուց հետո կառավարության առաջին նիստում: Անցել է մեկ ամիս, հարցը դեռ լուծված չէ:

Մոտ մեկուկես տարվա վարչապետության ժամանակ հարյուրավոր հանձնարարականներ տվեց Կարեն Կարապետյանը: Անգամ հանձնարարեց պարզել իր հանձնարարականների կատարման վիճակն ու ճակատագիրը: Բան չասվեց, ինչը նշանակում էր, որ հանձնարարությունները կամ դրանց մեծ մասը չեն կատարվել: Դատելով Սերժ Սարգսյանի համար առանձնատուն գտնելու հանձնարարականի կատարման արագությունից, պատմությունը կրկնվում է:

Սփյուռքի նախարարությունը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հրապարակել է իր եւ վարչապետի մի երկխոսություն.

Վարչապետ – Իսկ դու նաեւ արաբերե՞ն գիտես:

Նախարար – Չէ:

Վարչապետ – Վատ է, շատ վատ է:

Նախարար – Հիմա ի՞նչ, հրաժարական տա՞մ:

Վարչապետ – Չէ, ուղղակի արաբերեն էլ սովորիր:

Հ.Գ. Օ՜ֆ, օ՜ֆ, երբ ինչ-որ հրաշքով գա այն օրը՝ գրաֆիկս մի քիչ թեթեւանա, պիտի սկսեմ նաեւ արաբերեն սովորել, ինչպես ասում են՝ վարչապետն է ասել:

Հետո էլ հայտարարել է, թե Սփյուռքի նախարարությունը լրատվամիջոցներին գումար չի տալու իր աշխատանքներն ու ծրագրերը լուսաբանելու համար, կօգտագործեն նախարարության ռեսուրսները: Բայց նախարարության ռեսուրսը՝ պաշտոնական կայքը, լրատվական ծառայության աշխատակիցների հմտությունները օգտագործելու եւ փոխարեն իր խոսքը տարածում է Facebook սոցկայքով: Հանրապետականներն էլ ասում էին մի բան ու անում հակառակը: Դատելով պետական ռեսուրսն անտեսելու քայլերից եւ լրատվամիջոցներից խուսափելու պահվածքից, պատմությունը կրկնվում է:

Արաբերեն չիմանալու մասին երկխոսության հրապարակումն արդարացված չէ, քանի որ կարող է տարբեր մեկնաբանություններ ունենալ: Օրինակ. Մխիթար Հայրապետյանն ակնարկում է, որ վարչապետը ներում է իր պակասները՝ լեզվի չիմացությունը: Կամ Մխիթար Հայրապետյանն ակնարկում է, որ հրաժարական չի տա, թեեւ թերություններ ունի:

Ու մի հարց Մխիթար Հայրապետյանին: Սփյուռքի նախարարն ասել է, որ բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Հիմա ասում է, թե ծանրաբեռնված է աշխատանքով: Ամուսնացած չէ: Ուրեմն. 28 տարեկան, առողջական խնդիրներ ունեցող, աշխատանքով ծանրաբեռնված երիտասարդ: Ինչո՞ ւ է այս ամենը հաճախ կրկնում Մխիթար Հայրապետյանը, չի՞ վախենում, որ իրեն աղջիկ չեն տա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    աւելի ծանր եւ լուրջ խնդիրը այն է թէ Վարչապետը, որ ասում էր թէ այսուհետեւ իրավապահ մարմինները եւ դատակարանները գործելու են առանց գործադիր իշխանութեան անպատշաճ ճնշումներին, ֆեյսպուք-մէյսպուքի ուղիներով տեւաբար իր համոզումներն ու «կարծիքներն» է յայտնում ոստիկանական եւ դատական գործընթացների վերաբերեալ… սա արդէն աւելի անբնական է, արտառոց է, քան եթէ կառավարական հեռախօսը հնչում էր դատական իշխանութեան դերակատարների գրասենեակներում…

    բուն վախնալիքը այն է թէ Վարչապետը փաստօրէն չի գիտակցում թէ որքան հակասական է իր այդ վարքագիծը իր խօսքերին հետ… որքան ակնյայտօրէն ինք ժխտում իր յայտնած «Նոր Հայաստանի» գալուստը… թէ որ անդրադառնար, այդպէս չէր ըներ… անհնար է…

    խակ ու անփորձ անձերի, անատակների, երազկոտների խմբակ մըն է որ ձեռք առած է երկրի ղեկը, մինչ թշնամին պատրաստւում է ռազմաճակատի վրայ…

    այսպիսի պարագաների է որ փառք կու տամ Աստուծոյ որ հաւատացեալ եմ…

  2. Հովսեփ says:

    Անիմաստ ու ոչինչ չասող հոդված; Ավելի կոշտ բառերով կբնութագրեի, բայց պահում եմ կայքի կանոնները;
    Շատ ավելի կարևոր հարցեր կան էս երկրում, որոնց կարելի է անդրադառնալ; Ընդ որում, այդ անդրադարձները կարելի է անել նոր կառավարությանը քննադատելով, բայց չգիտեմ ինչու, ընկել եք նման հիմար թեմաների հետևից; Տպավորություն է ստեղծվում՝ իբր փորձել եք պարզապես էջ սևացնելո օրվա պլանը կատարելու համար;

  3. Աշոտ says:

    Իրար կողքի շարված շատ-շատ տառեր, զրո իմաստ և շատ ջուր. ահա և հոդվածը պատրաստ է:
    Վերջում ըստ հոդվածագրի` օֆ-օֆ, չի դե է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930