Քիչ առաջ Էջմիածին քաղաքում կրկին բողոքի ցույց էր. ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Այս ցույցերը կազմակերպել էր էջմիածնեցի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, որին երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նրա ձերբակալությունից հետո քաղաքապետի հրաժարականի պահանջով շարունակվում են բողոքի ցույցերը: Բողոքի ցույցեր էին անում նաեւ Կարեն Գրիգորյանի աջակիցները, սակայն այսօր Արմավիրի մարզպետի հետ քննարկումից հետո Գրիգորյանը հայտարարեց, որ դադարեցնում են իրենց ցույցերը:
Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից մեկն այսօր ելույթ ունեցավ ու անդրադարձավ քաղաքապետի հորը Մանվել Գրիգորյանին, որի ձերբակալության մասին վարչապետն այսօր հայտարարել է՝ կան կասկածներ, որ Մանվել Գրիգորյանը զինվորներին ուղարկած սնունդով կերակրել է իր կենդանիներին:
Ըստ ցուցարարի. «Եթե չեմ սխալվում, 2016-ին ապրիլյանից հետո Սեյրան Սարոյանը ասել ա՝ ով զինվորի հացն ուտում ա, նրա որդիները պետք ա փդեն բանտերում, աստծու դատաստանը կտենան: Հիմա, Սեյրան Սարոյան, Կարենը որտեղ ա փտելու: Մեկ ա, աստծու դատաստանը տենալույա»: Այս խոսքերը ցուցարարներն ընդունեցին ծափահարություններով: Ապա ցուցարարները վանկարկեցին՝ «Ազատ, անկախ Էջմիածին»:
«Այս շարժումը, մենք ոչ մի կլանի չենք պատկանում: Այս շարժումը ժողովրդական շարժում է, եւ կենթարկվի ժողովրդի կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուզում եմ մի անգամ էլ ասեմ, էն որ ասում էին՝ Մանվելի դեմ որ հելնի՝ թուրք ա, Մանվելը մեր սպարապետն ա: Հիմա ուշադիր լսեք՝ Մանվել Գրիգորյան, դու չես կարող լինել սպարապետ, որովհետեւ Հայաստանի հանրապետությունում կան այնպիսի սպարապետներ ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, կան սպարապետներ, ինչպիսին Սասնա Ծռերի բոլոր անդամներն են, Ժիրայր Սեֆիլյանն է, Մոնթեն է իսկական սպարապետ»,-ասաց ցուցարարների առջեւ բեմում ելույթ ունեցող երիտասարդը: Նրա այս խոսքերը ցուցարարներն ավելի բուռն ծափահարություններով ընդունեցին:
Այս երիտասարդը հորդորեց վաղը առավոտյան ժամը 10:00-ին հավաքվել Էջմիածնի քաղաքապետարանի մոտ եւ խաղաղ ցույցով կաթվածահար անել քաղաքապետարանի աշխատանքը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ