Քիչ առաջ դատարանը մերժեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանի բողոքը. նա կշարունակի ձերբակալված մնալ: Այս մասին լրագրողներին ասաց Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը:
Երեկ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Մանվել Գրիգորյանին. խուզարկության արդյունքում նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել է զենք-զինամթերք: Գրիգորյանը բողոքով դիմել է դատարան, նրա փաստաբանը պնդում է. «Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է սահմանադրական երաշխիքների խախտմամբ»:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է՝ Գրիգորյանը ձերբակալությունը միայն զենք-զինամթերքի ապօրինի պահմանը չի վերաբերում. «Նրա ձերբակալությունը կապված է այն հիմնավոր կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու մեջ: Նա կապված է, օրինակ, զինվորների համար դպրոցականների ուղարկած սնունդը յուրացրել է եւ դրանով կերակրել է իր արջերին, վագրերին եւ այդպես շարունակ: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին, բանակին ուղարկված օգնությունները : Այս կասկածները հիմնավորվում են նրա տանը եւ նրան պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքներով»:
Այս առնչությամբ մեղադրանք այս պահին առաջադրված չէ. վստահեցրեց Հրանտ Անանյանը. «Իմ վստահորդն այստեղ չէ, որպեսզի այդ մասին կարծիք հայտնի: Մեզ համար անակնկալ էր այդ հայտարարությունը: Նախաքննական մարմինը նրան նման փաստարկներ չի ներկայացրել»:
Ըստ Անանյանի, 72 ժամ է անձի ձերբակալության ժամկետը, որից հետո որոշում է կայացվում՝ կալանավորելու, կամ ազատ թողնելու. «Երեկվանից ժամը 17.35-ից սկսած Գրիգորյանի ձերբակալության ժամանակը հոսում է: Այդ ժամից սկսած մինչեւ 72 ժամը լրանալը կամ ՀՀ գլխավոր դատախազը դիմում է ԱԺ-ին քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, այդ թվում ազատության սահմանափակման համար: Մյուս տարբերակը՝ այս 3 օրերում ազատության սահամանափակման հետ չկապված խափանման միջոցը փոփոխվի»:
Փաստաբանի խոսքերով՝ Գրիգորյանը ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով մեղադրանքը չի ընդունում:
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու կամ խափանման միջոցը փոփոխելու համար, հնարավոր է հաշվի առնվի, որ Գրիգորյանը ծանր հիվանդություններ ունի, ըստ փաստաբանի. « Մանվել Գրիգորյանը մի շարք առողջական խնդիրներ ունի, ծանր հիվանդություններ, էպիկրիզները կան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ