Այսօր ժամը 14:03-ին, հաշվի առնելով կարկտավտանգ ամպերի կուտակումը, գործարկվել են հակակարկտային կայանները:
14:13-ին մայրաքաղաքում և մերձակա մի քանի համայնքներում սկսվել է կարկուտ, հորդառատ անձրև՝ ուժեղ քամու ուղեկցությամբ:
Բնակիչներից ստացվել են բազմաթիվ ահազանգեր, որոնց օպերատիվ արձագանքել են ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, ինչպես նաև հրշեջ-փրկարարները:
ԱԻՊԾ տնօրենի հրամանով ծառայությունը բերվել է բարձր պատրաստականության: Ստեղծվել են օպերատիվ խմբեր:
Ինչպես տեղեկացրել են հիդրոմետ ծառայությունից, քամին եղել է հյուսիսային ուղղությամբ՝ 18 մ/վրկ արագությամբ, հետագա ուժգնությամբ մինչև 25 մ/վրկ արագությամբ:
Ավելի քան կես ժամ տևած աննախադեպ անձրևի, քամու և կարկտի հետևանքով Ստեփանակերտում վնասվել են շենքերի տանիքներ և տներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր, ջրողողվել են նկուղային հարկեր, պոկվել էլեկտրալարեր և այլն: Տուժածներ չկան:
Բնակչության ահազանգերն այս պահի դրությամբ շարունակվում են: ԱԻՊԾ փրկարարական ուժերն իրականացնում են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքներ:
ԱՀ արտակարգ իրավիճակների նախարարություն