Մի խումբ հավատացյալ գյումրեցիներ, որոնց թվում էին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն, այսօր հանդիպում ունեցան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ։ Միքայել Սրբազանը հանդիպման սկզբում լսեց նրանցից յուրաքանչյուրի կարծիքը, դիրքորոշումը, հիմնավորումը, սակայն կարճ ժամանակ անց մթնոլորտը թեժացավ, նախ սկսվեց վիճաբանություն մասնակից քահանաների միջև։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները որպես հիմնավորում ներկայացնում էին այն, որ նա «խարդախությամբ, կաշառքով, իշխանությունների հովանավորչությամբ է ընտրվել, վատ վարք ու բարքի մեջ է», ընդամենը մի ոլորտում կա, դա բիզնեսն է, ամուսնացած է, ու փաստացի ո՛չ նրա կինը, ո՛չ էլ կաթողիկոսը չեն հերքել այս տեղեկությունը։
«Մենք արդեն 11 օր Եպիսկոպոսաց դասին ենք խնդրում, բոլորին ենք ներկայացնում այն փաստերը՝ սկսած, որ 99 թվականին կաթողիկոսի ընտրության ժամանակ կաշառք և հովանավորչություն է եղել, սա ամենակարևոր փաստերից մեկն է։ Երկրորդ, որ կաթողիկոսը ընտանիք ունի, անուն-ազգանունով ենք ասել և մինչև օրս, ո՛չ էդ աղջիկն է հերքել, ո՛չ իր հայրն է հերքել, ո՛չ էլ Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգն է հերքել։ Մենք ելել ենք ասել, որ հարյուրավոր խաբված շինարարներ կան, որոնք ամեն օր գալիս և բարձրաձայնում են այդ խնդիրը։ Մենք ելել ենք ասել, որ օրվա կաթողիկոսը ժողովրդի մեջ ընդհանրապես հեղինակություն չունի, և շատ- շատ մարդիկ միայն կաթողիկոսի հանգամանքով եկեղեցին դիտում են, այսպես ասած, կլանային մի հատ բիզնես կառույց։ Ինչպես մեր հավատացյալներից մեկն է ասում՝ կաթողիկոսը գիտի եկեղեցին իր փակ բաժնետիրական ընկերությունն է։ Այսպիսի մոտեցումը մեր եկեղեցին տկարացնում է, իսկ մեր նպատակը չէ ունենալ տկար եկեղեցի»,-ասաց Կարեն Պետրոսյանը։
Նա ասում էր, որ Միքայել Սրբազանը՝ որպես օծյալ, հեղինակավոր եպիսկոպոս պիտի դիրքորոշում ունենա ու մյուս եպիսկոպոսների հետ հանգուցալուծում գտնի։
«Օրվա կաթողիկոսը չի ներկայացնում ժողովրդին, նա պիտի թողնի գահը, այդ գահը իր հոր սեփականությունը չէ, որ փողով, կաշառքով զավթել է, մի հատ էլ կառչել է դրանից»,- շարունակում էր Կարեն Պետրոսյանը։
«Հիմա դու միայն խոսել գիտե՞ս, թե՞ նաև լսել գիտես»,- հարցրեց Սրբազանը՝ շարունակելով․ «Հիմա, որ քո ասածները համոզիչ, համոզիչ ներկայացնում ես, կարծո՞ւմ ես, թե բոլորի համար համոզի՞չ են։ Երբ դու քեզ համոզել ես, պարտավոր են նաև բոլորը նույն կերպ համոզվե՞լ»։
Կարճ ժամանակ թունդ վիճաբանություն սկսվեց կաթողիկոսի ընտրության թեմայով։
«Դուք հիմա ինչ -որ անում եք, ուզում եք Հայ Առաքելական եկեղեցին քաշել դեպի բողոքականություն։ Անհնար է Հայ Առաքելական եկեղեցին քաշել դեպի բողոքականություն։ Էդ բողոքականների մոտ է, որ հինգ տարին մեկ, չորս տարին մեկ, երեք տարին մեկ եպիսկոպոս են փոխում, սրան են փոխում, նրան են փոխում, դրա համար էլ հիմա լինում է միասեռական եպիսկոպոս, դրա համար լինում է կին եպիսկոպոս, որովհետև ամբոխն է, որ վարում է եկեղեցին»,- ասաց Սրբազանը։ Նա կոնկրետ օրինակներ բերեց պատմությունից, երբ որոշ հոգևորականներ կաթողիկոսի դեմ են ելել, սակայն կամ նրանց գլխավորած շարժումը մարել է կամ դարձել են բողոքական։
Կաթողիկոսին ուղղված մեղադրանքները, ըստ որի՝ նա բիզնեսմեն է, վատ վարք ու բարքի տեր, Սրբազանը ֆոլկլոր համարեց ու որպես օրինակ՝ կես ժամ շարունակ մեջբերեց նաև իր մասին շրջանառվող որոշ խոսակցություններ, որոնք ևս աղերս չունեն իրականության հետ։ Սակայն մասնակիցները խնդրեցին նրան չբերել իր օրինակը, քանի որ փաստերն ու խոսակցությունները տարբեր են։
«Ես ձեզ ասել եմ, որ 132 կաթողիկոսի մեջ Գարեգին 2-րդ կաթողիկոսը ամենալեգիտիմ կաթողիկոսն է։ Գարեգին 2-րդ միակ կաթողիկոսն է, որի ձեռնադրությանը մասնակցել են և Կիլիկիո կաթողիկոսը, և Երուսաղեմի պատրիարքըը և Պոլսո պատրիարքը և մնացած եպիսկոպոսներ։ Ուրիշ կաթողիկոս չկա մեր պատմության մեջ, որ ձեռնադրված լինի և՛ Կիլիկիո կաթողիկոսից, և՛ Երուսաղեմի պատրիարքից, և՛ Պոլսո պատրիարքից և նաև մնացած եպիսկոպոսներից»,- ասաց Սրբազանը ՝ հարցնելով, որ ձեռնադրությունն առ ոչի՞նչ է , հո ձեռնադրողներին չե՞ն վախեցրել ատրճանակով։
Սրբազանն ասաց․ «Ոչ մեկը չի ասում, թե կաթողիկոսը հրաժարական չի կարող ներկայացնել, դա իր իրավունքն է։ Եթե հիմա այս մթնոլորտը մնա, ամենաճիշտ բանը կլինի հրաժարական տամ Շիրակի թեմի առաջնորդությունից, ինչի՞ ս է պետք Շիրակի թեմի առաջնորդությունը, եթե ես 19 տարում դաստիարակել եմ և ոչինչ չեմ դաստիարակել։ Էս երկրորդ Ախուրյան է ինձ համար»։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներն անդրդվելի էին․ Սրբազանն ասում էր՝ մասնակիցներն այնքան են հուզված, որ ի վիճակի չեն սթափ խոսք հասկանալու։
«Կարեն, եթե պիտի շարունակես քո էշը քշել, գնա, շարունակի քշել», -Կարեն Պետրոսյանին ասաց Սրբազանը։ Կարենն անդրդվելի էր, նա կաթողիկոսի հրաժարականն էր պահանջում և վերջ։ Սա բարկացրեց Սրբազանին, որն ասաց, թե հրաժարվում է ՝ նրա եպիսկոպոսը լինել։ Սա հուզեց Կարենին, նա դուրս եկավ՝ լացակումած բացականչելով « Դուք իմ եպիսկոպոսն եք, չեք կարող ինձանից հրաժարվել»։
«Դուք աղանդի եք վերածվում, ձեզ արդեն էլ լսելու բան չունեմ»,- ավարտեց Սրբազանը։
Նշենք, որ հանդիպման ժամանակ թունդ վիճաբանություն ծավալվեց մասնակիցների, Տեր Փավստոսի և Կորյուն Աբեղա Առաքելյանի միջև քահանաներից մեկի խմելու սեր ունենալու շուրջ։ Քննադատեցին այն քահանային, որի բերանից օղու հոտ է գալիս, նաև քննադատեցին նրանց, որոնք դառնում են «ավտարիտների քահանան»։ Մասնակիցներից ոմանք բարձրաձայնում էին եկեղեցում արատավոր երևույթները վերացնելու հարցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շատ էժանագին թատերական ներկայացում էր:երկու դիլետանտ դերասանների կատարմամբ անհաջող կոմեդիա:Ամբողջ Գյումրին գիտե ձեր երկուսի կապի մասին:Ամոթ է,ում ես խաբում?
Կարեն Պետրոսյան,եթե ամոթ ունենաս Սահակ Մինսայանի անունը չես տա:Բայց դու ամոթ չունես;Մոռանում ես,թե Սահակ Մինասյանը ինչեր է էրել քեռուդ համար:Եթե Մինասյանը կաշառակեր է,ապա քո քեռին ով է,որ մեծ հաճույոքվ կաշառք էր վերցնում Սահակից:Կամ մոռանում ես,թե գործիցդ հետո քանի անգամ ես եկել Սահակ Մինասյանի մոտ ՇՊՀ՝իրան օգնում :Թե ուզում ես բերանս բացեմ ու այդ մարդկաղց ասեմ,թե Սահակին ով էր խորհուրդներ տալիս իրանց դեմ դավեր պատրաստելու համար:Կաշառակերը դու ես.գնա ժող ու մասիդ իմացի ինչեր կպատմեն,քո քեռիդ է: