Հունիսի 12-ին կայացել է Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Նախորդ 3 մրցույթների 6 նիստերը չէին կայացել, քանի որ քվորում չէր եղել, մրցութային հանձնաժողովում Տավուշի մարզպետարանի 2 ներկայացուցիչները մրցույթին չէին ներկայացել: Հունիսի 12-ի մրցույթում մրցութային հանձնաժողովի 7 անդամներ ներկայացել են, կայացած քվեարկությամբ Դեբեդավանի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, այդ կրթօջախը շուրջ 20 տարի ղեկավարած Մարինե Հարությունյանը ստանալով 5 ձայն՝ հաղթել է մրցույթում:
Հունիսի 13-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում hանդիպման ժամանակ Դեբեդավանի միջնակարգ դպրոցի համակարգչային մասնագետը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին դիմելով`ասաց, որ Մարինե Հարությունյանը դպրոցում տեղավորել է իր հարազատ-բարեկամներին, դպրոցի 27 աշխատակիցներից 10-ը նրա հարազատ բարեկամներն են, աշխատանքային խախտումների համար Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը նրան հեռացրել է տնօրենի պաշտոնից, Տավուշի դատախազությունը ներկայումս քննում է Դեբեդավանի դպրոցի հետ կապված գործ: Մարզպետ Վ. Ղալումյանը նրան հարցրեց, որ եթե այդքան դժգոհություններ կան Մ. Հարությունյանի աշխատանքից, ինչո՞ւ դպրոցի տնօրենի այլ թեկնածու չի մասնակցել կայացած մրցույթներին, եղե՞լ է դեպք, երբ որեւէ մեկը մասնակցի Դեբեդավանի դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին եւ նրան դիտավորյալ խոչընդոտեն:
Դահլիճում գտնվող Մ. Հարությունյանն ասաց, որ ուրիշների նման իր զավակներին Երեւանում չի պահել, նրանք բարձրագույն կրթություն ստանալով՝ հարազատ գյուղ են վերադարձել,դպրոցում որպես ուսուցիչ աշխատանքի անցել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ