Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Երբ ԱԺ պատգամավորի տնօրինության տակ են գտնվում մի քանի կիլոգրամանոց սեփականության վկայականներ, սա ինչի՞ մասին է վկայում» (Տեսանյութ)

Հունիս 17,2018 17:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում անդրադարձավ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:

Գրիգորյանի փաստաբանները պնդում են, որ նա ձերբակալվել է սահմանադրական երաշխիքի խախտմամբ: Գրիգորյանին ԱԱԾ-ն ձերբակալել է, իսկ նրան պատկանող շենք-շինությունում խուզարկության ընթացքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել:

Փաշինյանն այսօր վստահեցրել էր, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն զենք-զինամթերքի ապօրինի պահմանը չի վերաբերում, գեներալ Մանվել Գրիգորյանը յուրացրել է զինվորներին ուղարկած սնունդը, եւ դրանով կերակրել իր արջերին:

«Ուզում եմ մի դիտակում անել այն մեկնաբանությունների մասին, որ դատարանները մի շարք դեպքերում կալանքի սանկցիա չեն տալիս ձերբակալված անձանց: Ես ասեմ՝ ընդհանուր առմամբ, մեծ ողբերգություն չեմ տեսնում: Արդեն ասել եմ՝ դատարանները պետք է լինեն անկախ: Եվ ես այդ գայթակղությանը չեմ տրվելու, որ զանգեմ կամ վարչական ճնշումներ գործադրեմ, որպեսզի ինչ-որ մարդկանց կալանավորեն կամ ինչ-որ մարդկանց կալանքից ազատեն: Բայց դա նորմալ է, եթե դատավորները գործում են օրինական:

Ապա Փաշինյանը հայտարարեց՝ «Եթե հանկարծ պարզվի, որ որեւէ դատավոր գործում է անձնական, ֆինանսական, կոռուպցիոն, բարեկամական, կլանային շահագրգռությունների շրջանակում, վայը եկել՝ տարել է այդպիսի մարդկանց: Ով ուզում է լինի»: Վարչապետն ասաց՝ դատարաններին ոչ մի հրահանգ չի տալու, դատարանները պետք է գործեն օրենքի սահմաններում ու պետք է օրինական որոշում կայացնեն. «Եթե պարզվի, որ դատավորները շարունակում են զանգեր ստանալ մարդկանցից, ումից նախկինում զանգեր են ստացել, ու շարունակում են այդ զանգերով գործել, ուրեմն՝ զանգողն էլ, զանգ ստացողն էլ շատ լուրջ մտածելու բան ունի: Իսկ, ընդհանուր առմամբ, մարդկանց կալանավորելն ու բանտերը լցնելը մեր նպատակների մեջ չեն եղել, չկա եւ չի լինելու: Մեր նպատակներն են օրինականությունը ապահովել»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկությամբ հայտնաբերված իրերին, ապա Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ զինվորից գողացողը արժանի չէ ներման, ժողովուրդն իր գնահատականը պետք է հստակ ասի»:

Վարչապետը վստահեցրեց, որ առաջիկայում ԱԱԾ-ն կհրապարակի խուզարկության վերաբերյալ նյութերը, եւ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու այդ տեսանյութերին ու նյութերին, հետեւաբար, նաեւ կանի հետեւություն:

«Երբ ԱԺ պատգամավորի տնօրինության տակ են գտնվում մի քանի կիլոգրամանոց սեփականության վկայականներ, սա ինչի՞ մասին է վկայում: Աշակերտների նամակներ՝ կենդանիների կերակուրների մեջ: Երբ 3-րդ դասարանի աշակերտը գրում է՝ զինվո՛ր, ես քեզ համար խտացրած կաթ եմ ուղարկում, քեզնով հպարտանում եմ, ուզում եմ, որ դու զգաս իմ աջակցությունը: Եվ ահա այս նամակների ուղեկցությամբ սնունդը հայտնվում է ինչ-որ մեկի արջերի ուտելիքի պահեստում: Մենք, Հայաստանի հանրապետության ժողովուրդը չի հանդուրժելու սա: Ես կոչ եմ անում ապօրինությունների, թալանի, «պրեսպրեդելի» դեմ պայքարում պինդ եւ ամուր կանգնել կառավարության, իմ կողքին: Ես կոռումպացված չեմ դառնալու, անմնացորդ պայքարելու եմ, չեմ մտածելու՝ վայ, ի՞նչ անեմ, որ իմ իշխանությունը մի օրով երկարաձգեմ: Ես մտածելու եմ՝ ի՞նչ անել, որ մինչեւ վերջին օրն անմնացորդ ծառայեմ Հայաստանի հանրապետությանն ու ժողովրդին: Որեւէ մեկը թող չմտածի, թե՝ թալանի, կոռուպցիայի, ամենաթողության դեմ պայքարում ինձ հնարավոր է կանգնեցնել: Մենք գնալու ենք մինչեւ վերջ»,-ասաց Փաշինյանը:

Այս պայքարի ընթացքում, ըստ վարչապետ, եթե հնարավոր լինի պետությանը հասցված վնասը վերականգնել, ապա կառավարությունը կգնա այդ վնասը վերականգնելու ճանապարհով, որտեղ հնարավոր չէ վնասը վերականգնել՝ կմտածեն, թե՝ ինչ են անելու եւ ինչպես. «Բարոյական վնասը հնարավոր չէ վերականգնել, բայց պետք է այս ամենից դասեր քաղենք եւ այլեւս չպետք է թույլ տանք, որ որեւէ մեկը պետության եւ ժողովրդի առաջ ունեցած իր որեւէ ծառայություն փորձի վաճառել ժողովրդի վրա, կամ փորձի օգտագործել ժողովրդի, պետության ուսերին նստելու առիթ, կամ որպես զինվորից գողանալու մանդատ կամ քաղաքացուն նվաստացնելու մանդատ: Սա թույլ չենք տալու, մենք, ես անձամբ ակնկալում եմ ձեր աջակցությունը: Առանց ձեր աջակցության ես վարչապետի կարգավիճակում անելու որեէ բան չունեմ: Չգիտեմ 6 ամիս, 6 տարի, որքան թույլ տաք, այդքան էլ կգնամ կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930