Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մանվել Գրիգորյանը զինվորների համար ուղարկած սնունդով կերակրել է իր արջերին, վագրերին» (Տեսանյութ)

Հունիս 17,2018 17:16

«Հայաստանի հանրապետությունում սկսվել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար»,-քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ Էջմիածնում տեղի  ունեցող բողոքի ցույցներին եւ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը:

Վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների մասին ասաց. «Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է ՝ բազմաթիվ մարդկանց՝ ազդեցիկ, փողատեր, լծակներ եւ զենք, զինված խմբեր ունեցող հանել այդ պայքարի դեմ, այսինքն՝ հանել տվյալ դեմ իմ դեմ ու կոռուպցիայի դեմ պայքարող մարդկանց դեմ: Իհարկե, այս գործընթացում շատերն են հասկանում, եւ շատերն են, այսպես ասած, ուզում մեր ուշադրությունը հրավիրել, որ ահա այդքան ազդեցիկ մարդկանց մեր դեմ հանելու ճանապարհը սխալ ճանապարհ է, ավելի լավ է գտնել կոմպրոմիսներ, ավելի լավ է հարմարվել, ավելի լավ է ինչ-որ բաներ չնկատել, որպեսզի, այսպես ասած՝ լավ լինի բոլորի համար»:

Փաշինյանը հայտարարեց. «Չեմ պատրաստվում կոռուպցիայի հետ որեւէ կոմպրոմիսի գնալ, որովհետեւ ժողովուրդը ինձ իշխանության չի բերել, որ ես դառնամ կոռուպցիոն համակարգի մի մասը:Ժողովուրդն ինձ իշխանության է բերել, որպեսզի կոռուպցիան արմատախիլ անենք»:

Փաշինյանը կրկին հայտարարեց՝ օրենքի առջեւ բոլորն են հավասար, եւ Հայաստանը շատ արագ պետք է կոռուպցիայից ազատվի: Վարչապետը վստահեցրեց՝ ինքն այդ պաշտոնի չի եկել, որ առավոտից երեկո մտածի իշխանությունը պահպանել, այն էլ ՝ որեւէ կոռուպցիոների հետ կոմպրոմիսի գնալով. «Ժողովուրդն ինձ այդ մանդատը տվել է, որպեսզի երկրում հաստատեմ օրինականություն»:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին, վարչապետն ասաց. «Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ ոչ միայն մեծ քանակությամբ պահված զենք-զինամթերքի հետ: Նրա ձերբակալությունը կապված է այն հիմնավոր կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու մեջ: Նա կապված է, օրինակ, զինվորների համար դպրոցականների ուղարկած սնունդը յուրացրել է եւ դրանով կերակրել է իր արջերին, վագրերին եւ այդպես շարունակ: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին, բանակին ուղարկված օգնությունները : Այս կասկածները հիմնավորվում են նրա տանը եւ նրան պատկանող տարածքներում կատարված խուզարկությունների արդյունքներով»:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, վարչապետն ասաց. «Այո, ոչ ոք դա չի ժխտում: Այո, Մանվել Գրիգորյանը հերոս է, բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված Գյումրիի , էջմիածնի, Երեւանի դպրոցականների կողմից զորամասերում ծառայող զինվորների եւ ճակատում կռվող զինվորների համար նախատեսված օգնությունները գողանալ եւ դրանով կերակրել սեփական կենդանիներին: Ես չեմ ուզում որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, որեւէ մեկի մեղավորությունն եւ անմեղությունը որոշում է դատարանը»:

Ըստ Փաշինյանի, առկա են կասկածներ են, որ յուրացվել են բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, մասնավորապես ՝ ավտոմեքենաներ. «Բացի այս, այսօր, երբ մեր բանակը նաեւ սպառազինությունների հետ կապված խնդիր ունի, ինչո՞ւ պիտի մի մասնավոր անձի տանը լինի ահռելի քանակի զենք-զինամթերք՝ ապօրինի: Երբ մենք ասում ենք բոլորը հավասար են օրենքի առաջ, ի՞նչ նկատի ունենք՝ որ կան մարդիկ, որ կարո՞ղ են անել ամեն ինչ,    որ կարող են իրենց քաղաքում արգելափակոցնե՞ր  դնել ու արգելել մարդկանց երթեւեկե՞լ: Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ այսպիսի երեւույթներ չեն լինելու՝ անկախ նրանից, թե ով է՝ ազգային հերոս, թե՝ վարչապետի ընտանիքի անդամ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930