Լրահոս
Օրվա լրահոսը

Ադենոմայի բուժման վտանգները (իրական պատմություն)

Հունիս 17,2018 17:10

Տարիքային հասակով պայմանավորված Փայլակի միզուղիների աշխատանքը  խնդիրներ ունեցավ: Երկարատև հորդորներից հետո միայն դիմեց իրենց պոլիկլինիկայի տեղամասային բժշկին: Երկար տարիներ պոլիկլինիկա չէր հաճախում, բայց այս անգամ տեղի տվեց:

Պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ բժիշկը լսելով Փայլակի գանգատները նրան խորհուրդ տվեց այցելել մայրաքաղաքի լավագույն հիվանդանոցներից մեկի ուրոլոգին (երևի իր ծանոթ-բարեկամն էր), որը, նրա կարծիքով այդ հիվանդության բուժման լավագույն մասնագետներից մեկն էր համարվում հանրապետությունում:

Հենց նույն օրը, Փայլակը ներկայացավ առաջարկած հիվանդանոց, փնտրեց, գտավ ուրոլոգիական բաժանմունքի անհրաժեշտ բժշկին, որին դիմելու   խորհուրդ էր տվել իրենց պոլիկլինիկայի տեղամասային բժիշկը:

Ուրոլոգ-բժիշկը լսելով Փայլակի գանգատները, միաժամանակ նշումներ էր կատարում անձնական նոթատետրի մեջ, որից հետո պարզվեց, որ հիվանդը պետք է կատարի սոնոգրաֆիայի նկարահանում, մեզի շիթի արագության չափում, արյան և մեզի համապատասխան անալիզներ, (բժշկական տերմինաբանությամբ՝ УЗИ, ПСА, УФО, Схема «L»): Բժիշկը համապատասխան   թերթիկները տվեց Փայլակին և ասաց, որ ստացված լաբորատոր արդյունքներից հետո միայն ինքը կարող է ճիշտ եզրահանգումներ անել և բուժում նշանակել:

Հաջորդ օրը Փայլակը նորից ներկայացավ հիվանդանոց, դրամարկղում մուծեց նշանակված գործընթացների համար նախատեսված բավականին պատկառելի գումարը, տարբեր բաժիններում հանձնեց արյան և մեզի անալիզները, անցավ սոնոգրաֆիայի նկարահանման և մեզի արագության չափման գործընթացները, անցնելով նաև իրեն անծանոթ  ПСА, Схема «L» եզրույթների աշխատասենյակներով և տուն վերադարձավ:

Երբ հաջորդ օրը ուրոլոգ բժիշկը ընդունեց նրան և ծանոթացավ նրա ներկայացրած լաբորատոր արդյունքներին, խորը շունչ քաշեց, ապա արտասանեց.

-Դժբախտաբար, արյան անալիզների արդյունքները, միզուղիների սոնոգրաֆիական պատկերը և մեզի արագության գրաֆիկան ցույց են տալիս, որ ձեզ մոտ բարորակ նորագոյացություն է առաջացել, այսպես կոչված՝ «ադենոմա պրոստատ» հիվանդություն, որի դեղորայքային բուժումների արդյունավետությունը բավականին ցածր է և այնքան էլ հուսադրող չէ, ուստի պետք է անպայման վիրահատություն կատարել:

-Իսկ ի՞նչ կարժենա այդ թանկ հաճույքը,-վախվորած հարցրեց Փայլակը:

-Դե՛, մի 500-600 հազար դրամ կամ մի քիչ ավելի,-պատասխանեց բժիշկը:

-Իսկ հնարավոր չէ՞ դեղորայքային բուժում նշանակել:

-Կարող եմ նշանակել, բայց ես արդեն ասացի, որ այն հիմնականում դրական արդյունք չի տալիս, հուսադրող չէ և բուժման կուրսն էլ տևում է մոտ վեց ամիս:

-Իսկ կգրեք այդ դեղի համար դեղատոմս, թե՞ առանց դրա էլ կարող եմ ձեռք բերել:

-Գրեթե բոլոր դեղատներում էլ այն կգտնեք, բայց նա էլ թանկ հաճույք է, ժպտալով ասաց բժիշկը և Փայլակին հանձնեց սովորական թղթի կտորի վրա գրված դեղի անվանումը:

Շնորհակալություն հայտնելով բժշկին, խորհրդատվության համար, ապա մուծելով սահմանված գումարը, դուրս եկավ նրա աշխատասենյակից ու ճանապարհ վերցրեց դեպի այն դեղատունը, որտեղից հաճախ էր դեղեր գնում:

Դեղատան աշխատակցուհին կարդալով Փայլակի ներկայացրած դեղի անունը, անմիջապես նրան ասաց, որ այն բավականին թանկ է իր նման թոշակառուների համար: Փայլակը լսելով դեղի գումարային արժեքը, մտքում հաշվարկ կատարեց, պարզեց, որ նրա վեցամսյա կտրվածքով օգտագործման արժեքը մի քանի անգամ էժան կլինի, քան վիրահատության գումարը և գնելով նախնական փորձի համար մի տուփ հաբեր, դուրս եկավ դեղատնից:

Երկու ամսվա ընթացքում օգտագործելով ևս երկու տուփ  հաբեր, նա ոչ միայն  բարելավում նկատեց իր առողջականում, այլ հակառակը, հանդես եկան  բացասական երևույթներ: Մարմնի տարբեր մասերում կարմիր շրջանակներ առաջացան, հատկապես ձեռքերի շրջանում, որոնք ուղեկցվում էին անտանելի քորով:

Փայլակը ենթադրելով, որ այդ ալերգիկ երևույթները կապված կլինեն հենց այդ դեղի հետ, ստիպված դադարեցրեց նրա օգտագործումը և ներկայացավ մի այլ հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգին՝ իր ենթադրությունը հաստատելու համար, որովհետև իրենց պոլիկլինիկայում այդպիսի մասնագիտության բաժանմունք չկար:

Այս հիվանդանոցի դրամարկղում մուծեց խորհրդատվության (կոնսուլտացիայի) համար նախատեսված համապատասխան գումարը և ուղղություն վերցրեց դեպի ալերգոլոգ-բժշկի աշխատասենյակ: Բժշկի դռան մոտ երկար սպասեց, որովհետև ներսում հիվանդ կար:

Վերջապես բացվեց բժշկի աշխատասենյակի դուռը, այնտեղից դուրս եկավ հիվանդը, որին ուղեկցում էր բժշկուհին: Փայլակը թույլտվություն խնդրելով դիմեց բժշկուհուն, բացատրեց իր ով լինելը, սակայն բժշկուհին հորդորեց նրան սպասել իր աշխատասենյակում, քանի որ դեպք էր պատահել և նա պետք է շտապ օգնություն ցույց տար ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդին:

Փայլակը ներս մտավ բժշկուհու աշխատասենյակ, հանեց պիջակը, քանի որ փոքրիկ աշխատասենյակում բավականին շոգ էր, ապա նստեց բժշկուհու առաջարկած չոր թախտին, բայց չհարմարվեց և նրա դուրս գալուց հետո նկատեց, որ սենյակի մի ուրիշ անկյունում բազկաթոռ կա, տեղափոխվեց այնտեղ, նստեց, հարմարավետ դիրք ընդունեց ու սպասեց բժշկուհու վերադարձին:

Անցավ բավականին երկար ժամանակ, բայց բժշկուհին դեռ չէր հայտնվում: Վերջապես լսվեց աշխատասենյակի դռան փականի չխկոցը և ինչ-որ մեկը փորձեց բացել դուռը, բայց այն չբացվեց:

Սկզբում Փայլակին թվաց, թե բժշկուհին արդեն վերադարձել է և հիմա դուռը կբացի, բայց երբ փականի չխկոցից հետո դուռը չբացվեց և ոչ ոք ներս չմտավ, իրեն թվաց, թե բժշկուհին դուռը իր վրա կողպել է, իսկ այն բացել ցանկացողը՝ այցելուներից մեկը կարող է լինել:

Աշխատասենյակի դռան ենթադրյալ կողպած լինելը և այդտեղի հեղձուկ օդը Փայլակի ներսում խուճապ առաջացրին, բայց որպեսզի խուճապային տրամադրությունը չաճի, ինքը համոզված լինի, որ սխալվում է, չմոտեցավ դռանը ու չփորձեց ստուգել նրա բաց կամ փակ լինելը:

Սակայն աշխատասենյակի հեղձուկ օդը, փականի չխկոցը և ենթադրյալ չբացվելը, գումարած դրան՝ փոքրիկ պատուհանի փակ լինելը, Փայլակի մոտ միևնույնն է խուճապ ու տագնապ առաջացրին և նրա վրա սկսեց արագորեն ազդել փակ տարածության մեջ գտնվելու այսպես կոչված «ֆոբիան»:

Նա անմիջապես տեղից վեր կացավ, արագ նետվեց դեպի փակ պատուհանը, դժվարությամբ բացեց այն, քանի որ չգիտեր ինչպես բացել, մի փոքր թարմ օդ ներս քաշեց դեպի թոքերը, որոշակի թեթևություն զգաց, ապա գլուխը դուրս հանեց պատուհանից, նայեց ներքև, ուղիներ փնտրեց պատուհանից դուրս գալու համար, բայց երկրորդ հարկի բարձունքից անվնաս դուրս գալու ոչ մի հնարավոր տարբերակ չգտնելով, հետ վերադարձավ դեպի բազկաթոռը, անհանգիստ նստեց իր տեղում ու մտքում սկսեց հաշվել՝ իրեն զբաղեցնելու համար,  բայց այդ ընթացքում, զուգահեռաբար փորձում էր փրկության այլ ելքեր գտնել:

Բացված պատուհանից ներս թափանցող թարմ օդը մի փոքր թարմացրեց նրան, բայց  խուճապային-սպասողական տրամադրությունը դեռ շարունակվում էր:

Անցավ ևս մի որոշ դժվարին ու սպասողական րոպեներ ու հանկարծ աշխատասենյակի դուռը կամացուկ բացվեց և անծանոթ մեկը գլուխը ներս խցկելով, հարցրեց.

-Բժշկուհին տեղում չէ՞:

-Ո՛չ,-ասաց Փայլակը թեթևացած շունչ քաշելով և անմիջապես հասկացավ, որ աշխատասենյակի դուռը բաց է եղել ու իրեն թվացել է, որ այն փակ է ու ինքը չփորձեց դռան առաջին չխկոցի ժամանակ մոտենալ ու պարզել նրա բաց կամ փակ լինելը, որպեսզի խուճապային վիճակը ավելի չահագնանար՝ նրա փակ լինելու պարագայում:

Փայլակն հիմա հիշեց այն երկու դեպքերը, որ պատահել էին իր հետ այլ ժամանակներում, երբ առաջին անգամ աշխատավայրում քսան րոպե մնաց վերելակի մեջ, որի էլեկտրական հոսանքը անջատվել էր և օգնությունը հասավ մոտ քսան րոպե հետո, իսկ երկրորդ անգամ մնաց լոգարանի ներսում, երբ նրա դռան փականը նորոգելիս անզգուշաբար փակվել էր, իսկ տանն էլ մարդ չկար, որ օգնության հասներ և ինքը ստիպված եղավ գերմարդկային լարումով դուռը կոտրել և դուրս գալ այնտեղից:

Կես ժամ հետո բժշկուհին վերադարձավ, նստեց իր աշխատասեղանի մոտ, լսեց Փայլակի գանգատները, կրկին արյան անալիզներ նշանակեց, ասելով, որ նախորդ հիվանդանոցում արվածը իրենց մասնագիտականին չի համապատասխանում:

Փայլակը շնորհակալություն հայտնեց բժշկուհուն, իջավ առաջին հարկ, որտեղ արյան անալիզ էին կատարում, բժշկուհու կողմից պատրաստած ուղեգիրը ներկայացրեց դրամարկղ, մուծեց բավականին կլորիկ գումար ևս, ապա սպասեց իր հերթին:

Շուտով իրեն հրավիրեցին արյան անալիզ վերցնելու սենյակ, որտեղ բուժքույրը երրորդ փորձից հետո միայն կարողացավ Փայլակի զարկերակից արյուն վերցնել, երևի փակ սենյակում գտնվելու սթրեսից հետո «արյունը սառել էր երակներում»:

-Իսկ արյան անալիզների պատասխանը ե՞րբ և որտեղի՞ց պիտի ստանամ,-բուժքրոջը հրաժեշտ տալուց առաջ հարցրեց Փայլակը:

-Մենք այն կուղարկենք ձեր բուժող բժշկին,-պատասխանեց բուժքույրը:

Հաջորդ օրը, Փայլակը որոշ ժամանակ հերթում սպասելուց հետո ներկայացավ ալերգոլոգ- բժշկուհուն:

-Արյան անալիզի պատասխանները բերել ե՞ս,-հարցրեց բժշկուհին, երբ նա աշխատասենյակ մտավ:

-Երեկ ինձ ասացին, որ պատասխանները կուղարկեն բուժող բժշկին,-զարմացած պատասխանեց Փայլակը:

-Ինձ ոչ մի բան էլ չեն ուղարկել, երևի մեր բաժանմունք են ուղարկել, սպասեք, ես գնամ, ճշտեմ:

Փայլակը վախվորած մտածեց, որ կրկին վաղվա փակ տարածության «ֆոբիան» և արյուն հանձնելու արարողության գործընթացները կարող են կրկնվել, մոտեցավ դռանը, բացեց այն ու դուրս եկավ միջանցք ու սպասեց այնքան ժամանակ, մինչև բժշկուհին վերադարձավ դատարկաձեռն, ասելով.

-Անալիզների պատասխանները բաժանմունքում չկային, մի քիչ սպասեք, գնամ, ներքև, լաբորատորիա, պարզեմ:

Մոտավորապես տասն րոպե անց բժշկուհին հետ վերադարձավ անալիզների թերթիկը ձեռքին, որի վերևի աջ անկյունում Փայլակը նկատեց «Կրկնօրինակ» գրությունը, իսկ բնօրինակը երևի այդպես էլ չէր գտնվել:

Բժշկուհին տեղավորվելով աթոռակին և ուսումնասիրելով արյան անալիզի տվյալները, գլուխը տմբտմբացրեց, ապա գրիչը վերցրեց և գրեց բավականին թանկարժեք մաշկային քսուքների և մազերի լվացման պարագաների դեղատոմսերը, դրանք հանձնեց Փայլակին, բացատրեց դրանց կիրառման մանրամասները ու բարեհաջող ապաքինում մաղթեց նրան:

Փայլակը շնորհակալություն հայտնելով բժշկուհուն, դուրս եկավ նրա աշխատասենյակից քանի որ այս բուժհիմնարկում խորհրդատվության գումարը նախապես դրամարկղ էր մուծել ու մինչ կհասներ առաջին հարկ, աստիճանների վրա, մտքում արագորեն հաշվեց այն գումարները, որոնք արդեն ծախսել էր դեղերի, անալիզների, խորհրդատվության, իսկ հիմա էլ թանկարժեք քսուկների և մազերի լվացման պարագաների վրա պիտի ծախսեր, հանրագումարի բերեց դրանք և արդյունքում պարզեց, որ ծախսած գումարը արդեն գերազանցում էր վիրահատության համար վճարվելիք դրամից:

Հիմա նա ադենոմա պրոստատի բուժման մասին պետք է ժամանակավոր մոռանար, քանի որ մոտակա տարիների համար խնայած ֆինանսական խնայողությունները ծախսել էր և պետք է բուժեր արդեն մարմնին առաջացած խիստ անհանգստացնող ալերգիկ ցանը, որի բարեհաջող արդյունքի դեպքում միայն անհրաժեշտ գումար խնայեր՝ վիրահատությունը մոտակա տարիներին իրականացնելու համար, որը դժվար թե նրան հաջողվի:

Երևի ճիշտը վիրահատությունն էր, որի առիթը արդեն բաց էր թողել: Իսկ հիմա պետք է մտքում արձագանքեր, ապա բարձրաձայներ՝ ժողովրդական հայտնի առածի խոսքերը՝ խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930