Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբաններն ու դատավորը սպասում են ԱԱԾ ներկայացուցիչներին: Մանվել Գրիգորյանին երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է՝ իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:
Aravot.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ դատական նիստը ժամը 15:00-ին էր, սակայն վարույթ իրականացնող մարմինը՝ ԱԱԾ քննիչը դեռ չեն ներկայացել նիստին, ինչի պատճառով դատական նիստը դեռ չի սկսվել:
Դատարանում Մանվել Գրիգորյանի պաշտպանի պահանջն է. «Մենք գտնում ենք եւ մեր բողոքում պնդում ենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է սահմանադրական երաշխիքի խախտմամբ՝ որ նա բերման ենթարկվելու ժամանակ չի գտնվել ենթադրյալ հանցագործությունը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո»:
Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը գտնվել է ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակում. «ԱԱԾ աշխատակիցներն իրականացրել են խուզարկություն, ոչինչ չեն հայտնաբերել եւ ոչինչ չեն առգրավել և դրա կապակցությամբ կազմվել արձանագրություն, սակայն միաժամանակ Մանվել Գրիգորյանին որոշակիորեն վերաբերելի այլ տարածքում իրականացվել է խուզարկություն եւ բազմահեկտար, բազաշինություն ունեցող տարածքների շինություններից մեկում որոշակի խմբաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել եւ բերման են ենթարկել ԱԱԾ: Նրան ձերբակալել են՝ իբրեւ վերջինս բռնվել է հանցագործություն կատարելիս»: Անանյանն ասաց, որ այդ շենք-շինությունները գտնվում են Արմավիրի մարզում եւ դրանց մի մասն է պատկանում Գրիգորյանին:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք Գրիգորյանը գտնում է, որ իր նկատմամբ շինծու մեղադրանք է առաջադրվել, Անանյանը պատասխանեց. «Մեղադրանքի մասին չենք կարող խոսել: Մենք հիմա վիճարկում ենք սահմանադրության եւ դատավարության երաշխիքները: Այս նիստին դատարանն իրավունք չունի մեղավորության եւ անմեղության հարցերին անդրադառնալ: Մենք գտնում ենք, որ Գրիգորյանն ոչ իրավաչափ ձեւով է բերման ենթարկվել, նրանք պարտավոր էին ծանուցագիր տրամադրել, իսկ չներկայանալու դեպքում եւ առանց հարգելի պատճառների չներկայանալու դեպքում նոր բերման ենթարկելու որոշում կայացնել: Այստեղ 2-րդ խախտումն են թույլ տվել, որը արհեստական հիմք է եղել ձերբակալման համար: Հարուցված քրեական գործով հետաքննության մարմինը չի կարող նախաքննության մարմնի վարույթի գործով ուղղակի արձանագրությամբ բերման ենթարկել»:
Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանն ունի պատգամավորության համար սահմանված անձեռնմխելիություն, ապա ենթադրվում է, որ ՀՀ գլխավոր դատախազն էլ ԱԺ-ին պետք է ներկայացնի Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ