Փակ հաստատությունները, որպես կանոն, համարվում են հնարավոր բռնության օջախներ և ոստիկանության ստորաբաժանումներն այս առումով բացառություն չեն: Ավելին, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների իրադարձությունները, ոստիկանության ստորաբաժանումները դարձել են քաղաքացիների նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնության խորհրդանշական կենտրոններ:
Եվ չնայած անձի իրավունքները սահմանված և պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ, իսկ մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների ցանկը՝ ՀՀ կառավարության որոշմամբ, այնուամենայնիվ ստիպված ենք փաստել, որ ոստիկանության ստորաբաժանումներում, կարծես թե, այլ իրականություն է տիրում:
2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաների մասնակիցների հետ ունեցած զրույցներից տեղեկանում ենք, որ ոստիկանության բաժիններում մարդկանց ծեծում են, նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու և/կամ ձերբակալելու սպառնալիքներ են հնչեցնում, անձնական իրեր են առգրավում, սննդով և բժշկական օգնությամբ չեն ապահովում, հորդորում են փաստաբան չպահանջել, իրենց կողմից չկատարած գործողություններ խոստովանել: Փաստաբանները, իրենց հերթին, տեղեկացնում են բերման ենթարկվածներին սահմանված ժամկետից ավել պահելու, բռնության, հոգեբանական ճնշման, սպառնալիքների, բերման ենթարկվածներին իրենց իրավունքները պատշաճ չներկայացնելու, անձանց որպես վկա առանց ծանուցման ներգրավելու, խուզարկելու, փաստաբանների մուտքը բաժիններ խոչընդոտելու և մի շարք այլ իրավունքների խախտումների մասին: Ոստիկանության ծառայողները ոչ միայն չէին պարզաբանում անձանց իրենց իրավունքները, այլ ավելին, անձանց՝ իրենց իրավունքների չիմացությունն օգտագործելով՝ կատարում էին այնպիսի գործողություններ, ինչպիսիք են մատնահետք վերցնելը, լուսանկարելը:
Լայն տարածված է ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյաններում սխալ ժամեր արձանագրելը, անձին նշված ժամի դիմաց ստորագրելուն հորդորելու՝ վստահեցնելով, որ իրեն բաց են թողնում, սակայն ստորագրելուց հետո շարունակում են պահել բաժնում: Ոստիկանությունում անձանց սահմանված ժամից ավել պահելու փաստն արձանագրվել է նաև մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից։
Ոստիկանության ստորաբաժանումներում համատարած ապօրինություն է տիրում ոչ միայն խաղաղ ակցիաների և դրանք խոչընդոտելու ժամանակ: 2018 թվականի հունվարից առ մայիսի 24-ը Հատուկ քննչական ծառայության կողմից ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 22 դեպքից 15-ը վերաբերում են ոստիկանության բաժիններում խոշտանգում կատարելուն և/կամ բռնություն կիրառելուն:
Ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի փաստերը և հասարակական վերահսկողության բացը բազմիցս արձանագրվել և բարձրաձայնվել են նաև միջազգային զեկույցներում՝ մասնավորապես ԱՄՆ Պետդեպարտամենտի 2016 և 2017 թվականների զեկույցներում:
Հաշվի առնելով ինչպես բերման ենթարկվածների, այդ թվում ակտիվիստների տեղեկությունները, ՀՔԾ-ում հարուցված մի շարք գործերի բովանդակությունը, այնպես էլ փաստաբանների տեղեկությունները՝ կարող են փաստել, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները հանդիսանում են այն վայրը, որտեղ ՀՀ քաղաքացիները կարող են խոշտանգվել, նրանց նկատմամբ կարող է ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրվել և առհասարակ վայր, որտեղ համատարած են մարդու իրավունքների խախտումները:
Միաժամանակ, ոստիկանության բաժինները շարունակում են մնալ ազատությունից զրկված անձանց պահելու միակ վայրը, որտեղ մինչ օրս չի գործում հասարակական վերահսկողության որևէ մեխանիզմ:
Ճիշտ է, ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունն իրականացնում է ազատությունից զրկված անձանց իրավունքների, պահման վայրերի, պայմանների ուսումնասիրություններ (մոնիթորինգ) և կատարում է այցելություններ այն վայրեր, որտեղ կան ազատությունից զրկված անձանց իրավունքների և ազատությունների խախտումներ կամ դրանց առկայության մասին ենթադրելու հիմքեր: Սակայն, հաշվի առնելով, որ վարչության գործառույթների մեջ է մտնում ազատությունից զրկված անձանց պահման բոլոր վայրերի մշտադիտարկումը, այսինքն` քրեակատարողական հիմնարկներ, ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերը, հոգեբուժարաններ և ոստիկանության ստորաբաժանումներ, նրանց ռեսուրսները չեն կարող բավարար լինել բոլոր վայրերում և անընդհատ վերահսկողություն իրականացնելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ստեղծվել է նաև Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ, որը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից, սակայն որի լիազորությունները սահմանափակվում են խորհրդատվական աջակցություն տրամադրելով:
Փաստենք, որ 2006 թվականից Հայաստանում գործում է ՀՀ ոստիկանապետի հրամանով ձևավորված հասարակական դիտորդների խումբ, որը վերահսկողություն է իրականացնում ձերբակալված անձանց պահելու վայրերում, իսկ ոստիկանության բաժինները մնում են բարձիթողի վիճակում։ Ի դեպ, խումբը նույնպես պարբերաբար բարձրացնում է ոստիկանության բաժիններում հասարակական վերահսկողություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտության հարցը` արձանագրելով, որ ՁՊՎ-ներից խոշտանգման բացասական պրակտիկան տեղափոխվել է ոստիկանության բաժիններ:
Իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալու համար Քաղաքացիական հասարակության ինստիտուտը զրուցել է 2018 թվականի ապրիլյան դեպքերին ոստիկանության ստորաբաժանումներում աշխատող մի քանի փաստաբանների հետ: Նրանք փաստում են բաժիններում ինչպես բերման ենթարկվածների, այնպես էլ փաստաբանների նկատմամբ անհարգալից, հաճախ արհամարհական վերաբերմունքի մասին և որպես հասարակական վերահսկողության հնարավոր տարբերակ առաջարկվում են կա′մ հասարակական դիտորդական խմբի ձևավորում՝ օրենքով սահմանված կարգով, կա′մ այդ լիազորությունների վերապահումը ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին:
Ի դեպ, 2005 թվականից քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի օրինակով կարելի է փաստել, որ թեև քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության գործառույթ իրականացնում է նաև ՄԻՊ գրասենյակը, սակայն դիտորդական խումբը նախ ազատությունից զրկված անձանց համար իրենց խնդիրները բարձրաձայնելու այլընտրանքային մեխանիզմ է, դատապարտյալը կարող է ընտրել թե ում դիմել՝ պայմանավորված, թե ում է ավելի վստահում։ Բացի այդ, հաշվի առնելով ՄԻՊ ռեսուրսների սղությունը՝ դիտորդական խմբի առկայությունը հնարավորություն է ընձեռում ՄԻՊ գրասենյակի հետ փոխլրացնել միմյանց, ավելի շատ քանակությամբ ահազանգեր ընդունել և սպասարկել, ավելի մեծ թվով խնդիրներ բացահայտել, ավելի մեծ թվով անձանց օգնել, ինչը միանշանակ դրական է խոշտանգման և վատ վերաբերմունքի կանխարգելման համատեքստում։
2005 թվականից ՀՀ արդարադատության նախարարի հրամանով քրեակատարողական հիմնարկներում, 2006 թվականից՝ ՀՀ ոստիկանապետի հրամանով ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբերի ստեղծումից, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 28-ին առողջապահության նախարարի՝ ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետական աջակցության շրջանակներում բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդական խումբ ձևավորելու և աշխատանքները կազմակերպելու կարգը հաստատելու մասին հրամանի ընդունումից հետո, փաստացի, ոստիկանության ստորաբաժանումները մնում են ազատությունից զրկված անձանց պահման միակ վայրը, որտեղ ապահովված չէ մշտական հասարակական վերահսկողություն:
Եվ, ի վերջո, քաղաքացիական հասարակության ներգրավմամբ հասարակական վերահսկողությունը հնարավորություն է տալիս անմիջականորեն մշտադիտարկել իրավիճակը՝ առանց պետության միջամտության։
Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ