Այսօր բողոքի ցույց է ընթանում նաեւ Արմավիր քաղաքում: Բողոքի ցույցը սակավաթիվ է, հազիվ մեկ տասնյակ մարդ պահանջում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը: Ցույցի կազմակերպիչներն ասացին, որ այսօր երեկոյան քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաք են անելու. «Մոտ ամիս ու կես ժամանակ կար, որ նրանք հեռանային, բայց չեն հեռացել: Թավշյա հեղափոխությունից հետո սպասում էինք, որ հրաժարական կտային, բայց տեղից չեն շարժվում»:
Ըստ «Շանթ» ՀԸ-ի ուղիղ հեռարձակման, ցույցի կազմակերպիչներն անդրադառնալով քաղաքապետի, որպես ընտրովի մարմին պաշտոնանկության անելու անհնարինությանը, ասացին. «Նրանք ոչ լեգիտիմ են, եւ պետք է հեռանան, հրաժարական տան»:
Ցույցի կազմակերպիչը հրաժարվեց ներկայանալ, պնդելով՝ «Մենք խոսում ենք ժողովրդի անունից, իմ անունը արդար արմավիրցի է»:
Էջմիածնում էլ Դին Պիպոյի աջակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, Գրիգորյանի աջակիցներն էլ ի պաշտպանություն քաղաքապետի բողոքի ցույցեր են անում: Այս պահին Գրիգորյանը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ է՝ քննարկելու բողոքի ցույցերի հանգուցալուծման ուղիները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ