Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բողոքի ցույց են անցկացնում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցները: Երեկ ԱԱԾ աշխատակիցները Մանվել Գրիգորյանին բերման են ենթարկել եւ ձերբակալել: Էջմիածին քաղաքում մի քանի օր է բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ քաղաքապետի եւ Մանվել Գրիգորյանի: Ցույցի կազմակերպիչը էջմիածնեցի «Դոն Պիպոն» է, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակիցները եւս, այսպես ասած՝ հակընդդեմ ցույցեր են անում: ԱԱԾ-ն ձերբակալել է եւ Մանվել Գրիգորյանին եւ «Դոն Պիպոյին». ԱԱԾ-ն Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել է խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշում է՝ «Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է»։
ԵԿՄ-ն եւս հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալման առթիվ:
Ցույցի մասնակիցները վանկարկում էին «Ազատություն գեներալին»: Ցույցի կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենք օրենքով թույլատրված խաղաղ բողոքի ցույց են անում, եւ դիմելով ոստիկաններին ասաց, որ ոստիկանության գործողությունները պետք է լինեն համաչափ, խտրականություն չպետք է լինի.«Մի քանի օր առաջ Էջմիածնում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը պարապուրդի էր մատնված: Այսօր մենք ժամանակ առ ժամանակ փողոց ենք փակելու: Կեցցե՛ հայ ոստիկանը, Կեցցե՛ բռնություն իրականացնող ոստիկանը: Փողեք ձեր աշխատաոճը»:
Ցույցն առաջնորդող երիտասարդը հայտարարեց՝ «Երեկ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյան կոչվածը թույլ է տալիս իրեն որպես պետական պաշտոնյա հայտարարություններ տարածելը: Դու իրավունք ունե՞ս, տղա, քո քիթը խոթել»:
Ցուցարարները ԱԱԾ-ի մոտ 5 րոպե նստացույցի միջոցով փակեցին հարակից փողոցը: Ոստիկանները փորձում էին կանխել այդ գործողությունները՝ ցուցարարներին փողոցից հեռացնել: Այդ ընթացքում քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ զինվորական հագուստով ցուցարարների միջեւ: «Ոստիկան դու իրավունք չունես ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնել»,-ասացին ցուցարարները: Ոստիկանները ցուցարարներին հրելով հեռացրեցին փողոցից: «Գեներալին բռնողը թուրք ա»,-վանկարկում էին ցուցարարները: Ցույցն առաջնորդողը կրկին անդրադարձավ Դավիթ Սանասարյանին, պնդելով, որ նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն անելով ուղղորդում է ԱԱԾ-ի գործունեությունը:
Ցուցարարները ԱԱԾ շենքի մոտից երթ սկսեցին, վանկարկելով՝ «Ազատություն հերոսին», ապա դադարեցրին բողոքի ցույցը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ