Հունիսի 16-ին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի հարավ-արևելյան առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ զարգացումներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ: Հայկական երկու հանրապետությունների բարձրագույն իշխանության ներկայացուցիչները վստահեցրել են զինվորականներին, որ ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում այսուհետ ևս կարվի հնարավորը, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու և հայկական զինուժի մարտական հնարավորությունները կատարելագործելու ուղղությամբ:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին առաջնագիծ կատարած այցի ընթացքում ուղեկցել են նաև պաշտպանության նախարարներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ ու պաշտոնյաներ:
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են նաև ՊԲ-ի շտաբում անցկացված խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական հակագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, անդրադարձ է կատարվել առաջնային գծում տեղ գտնող վերջին զարգացումներին և հակառակորդի հավանական սադրանքները կանխելու ուղղությամբ իրականացվող համալիր գործընթացներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն