ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում:
Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից:
Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու նպատակով»:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այցելել են ԱԱԾ՝ Մանվել Գրիգորյանին: Aysor.am-ի հետ զրույցում պարոն Շարմազանովը փոխանցել է. «Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը»: Նաեւ վստահեցրել է, որ նա ընկճված չէ. «Գեներալ Գրիգորյանին թուրքերը չեն կարողացել ընկճել։ Ինքը նման փոքր բաներից չի ընկճվում, շատ համարձակ է, պարզապես անթույլատրելի է, ադրբեջանցիներին ենք ուրախացնում»: