Լրահոս
Օրվա լրահոսը

Առնետավազք կլինի՞, թե՞ ոչ

Հունիս 17,2018 12:00
vazq

Հետաքրքիր ժողովուրդ ենք: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Ազգային ժողովում ու ամենուր համատարած առնետավազք սկսվեց, բոլորս արհամարհանքով էինք խոսում այդ երևույթի ու անձամբ ճամբարափոխ «առնետների» մասին: Փաշինյանական թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն բավարար քանակի ձայներով ապահովեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի, շատերն սպասում էին, որ ՀՀԿ-ում անմիջապես առնետավազք կսկսվի: Բայց, փաստորեն, չսկսվեց՝ ի զարմանս շատերի: Բայց այդ փաստից Հայաստանում որևէ մեկը չուրախացավ: Ավելին. տխրողներ եղան, ընդ որում՝ շատ: Տխրողներն առնետների բացակայությունը բացատրում են նրանով, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում ունեցած իր մեծամասնությունն ամեն կերպ պահպանելով՝ ցանկանում է վրեժխնդիր լինել նոր իշխանություններից՝ ցանկացած պահի նաև սաբոտաժի հնարավորություն պահպանելով:

Այս ամենը հնարավոր համարելով՝ նաև կարծում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իրենից կախված առանձնապես որևէ շոշափելի բան չի արել ու չի անում, որպեսզի ՀՀԿ-ից «առնետավազք» ապահովի, և գրեթե համոզված ենք, որ եթե վարչապետ Փաշինյանն էդ ուղղությամբ մի քիչ ջանք թափեր ու տոն տար, ՀՀԿ-ից «առնետավազքն» առնվազն հիսուն տոկոսով տեղի կունենար: Հիմա էլ է տեղի ունենում, բայց՝ շատ դանդաղ, և այս դանդաղ տեղի ունեցողն էլ դժվարանում եմ «առնետավազք» անվանել, որովհետև ՀՀԿ-ի շարքերը լքում են հիմնականում նրանք, ովքեր ՀՀԿ-ի հետ գաղափարական որևէ ընդհանրություն չեն ունեցել և ճարահատյալ ու պաշտոնի բերումով են այդ կուսակցություն մտել:

Չեմ կարծում, թե ՀՀԿ-ում մնացողներն ու չլքողներն առանձնապես լեցուն ու տոգորված են նժդեհյան գաղափարներով. այդուհանդերձ, մնացողների մեջ թիմային որոշակի զգացողություն, մտածողություն ու տրամադրվածություն կա, որի շնորհիվ կամ որի պատճառով հնարավոր է ՀՀԿ-ն Ազգային ժողովում իսկապես ու իսկական ընդդիմություն դառնա:

Բայց վերադառնանք առնետավազքի հնարավորությանը: Ամեն ինչից բացի, այս դանդաղ ընթացող առնետավազքն էապես է տարբերվում նախորդներից: Նախևառաջ տարբերվում է իր հանդեպ եղած վերաբերմունքով: Առնետ ենք ասում, բայց շատ դեպքերում ժողովուրդը ողջունում է ՀՀԿ-ն լքող առնետներին՝ նրանց կարծես թե ամենևին էլ առնետ չհամարելով: Ավելին. նրանցից ոմանց նույնիսկ անձնազոհ հերոսների են վերաբերվում՝ համարելով, որ ՀՀԿ-ն դեռևս վերջնականապես զենքերը վայր չի դրել: Այսինքն՝ համարում են, որ ՀՀԿ-ի նավը լքողներն իրականում ու գործնականում միանում են թավշյա հեղափոխությանը՝ նպաստելով հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի վերջնական ու անշրջելի հաղթանակին: Այդ է պատճառը, որ նրանց որևէ մեկն «առնետ» չի անվանում, և նրանց ՀՀԿ-ն լքելը՝ առնետավազք:

Ասացինք, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանար, ՀՀԿ-ից առնետավազքը կսկսվեր, ընդ որում՝ մեծ թափով: Ինչ պիտի անե՞ր: Նախ՝ ՀՀԿ-ական բոլոր նախարարներին չէր պաշտոնազրկի: Ինչպես նաև՝ մարզպետներին: Մի խոսքով՝ տեխնիկայի հարց է: Մի քանի հեղափոխականի պաշտոն չէր տա, մի քանի ՀՀԿ-ականի պաշտոն կտար, և պաշտոն ստացած տվյալ ՀՀԿ-ականները մեկից կդառնային հեղափոխական: Հետաքրքիր է, որ չնայած հեղափոխությունն ավարտվել է, բայց մենք շարունակում ենք Նիկոլ Փաշինյանի համախոհներին ու համակիրներին հեղափոխական անվանել: Ի վերջո, երբ Փաշինյանը ոտքով սկսեց իր ղեկավարած շարժումը, իրական ու գործուն հեղափոխականները շատ քիչ էին՝ թե՛ ժողովրդի և թե՛ քաղաքական գործիչների մեջ: Նույնիսկ «Ելք» դաշինքում էին շատ քիչ: «Ելքում» և այլուր շատերն էին մերժում «փողոցային» պայքարը, որի չափազանց ակտիվ մասնակիցներն ընդամենը մի քանի օրում հարյուր հազարների հասան: Փաստորեն, բառացիորեն ու տառացիորեն իրականություն դարձավ Փաշինյանի տարիներ առաջվա 1+1+1 քաղաքական երազանքն ու ծրագիրը: Եթե Փաշինյանը շատ ցանկանար, 1+1+1-ը իրականություն կդառնար նաև առնետավազքի պարագայում:

Կարծում ենք՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ինքնավստահությունն այնքան մեծ է, որ ինքը համոզված է, որ առանց առնետավազքի էլ իր սկսած գործը վերջնական հաղթանակի կհասցնի: Եվ, դրանից էլ բացի, քանի որ հեղափոխականներն ու անձամբ Փաշինյանը քաղաքականության մեջ նաև բարոյականությունն են առաջնային համարել ու համարում, իրենց թույլ չեն տվել ու թույլ չեն տալիս քաջալերել ու շահագրգռել հնարավոր «առնետներին»: Իսկ որ «առնետավազք» կոչվածը բարոյականության հետ առանձնապես կապ չունի՝ դրանում երկու կարծիք լինել չի կարող:

Հեղափոխականներն ու անձամբ Փաշինյանը դեռևս ու թերևս վերջնական ու համոզիչ հաղթանակի հասնելու համար նախապատվությունը տալիս են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տարբերակին: Եվ կարծում ենք՝ ճիշտ են անում: Ինչ վերաբերում է առնետավազքին, այն միշտ եղել է, կա ու կլինի: Ցանկալի է, սակայն, որ մեր ճակատագիրը դրանից կախված չլինի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ      

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930