Էջմիածնի քաղաքապետ հարգելի Կարեն Գրիգորյան և սիրելի բնակիչներ,
Որպես Արմավիրի մարզպետ և ձեզ հարազատ ընդունող մարդ` իմ կոչն ու հորդորն է բոլորիդ՝ իրականացվող հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։
Հարգելիներս, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ պահպանել հավաքների խաղաղ բնույթը, չոտնահարել միմյանց իրավունքները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաքի մասնակցի պարտականությունները:
Միևնույն ժամանակ առաջարկում եմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և խաղաղ ցույցի երեք հիմնական կազմակերպիչներին վաղը 12:00-ին Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունենալ ինձ հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։
Լիահույս եմ, որ ականջալուր կլինեք իմ կոչին և կդրսևորեք Էջմիածնի հպարտ և արժանապատիվ քաղաքացուն բնորոշ վարքագիծ:
Ամենայն բարիք բոլորիդ:
Հարգանքով` ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան
«Առավոտ» Տեղեկացնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընկերներից Արսեն Կարապետյանը հացադուլ եւ նստացույց է հայտարարել: Քաղաքապետը պատրաստվում է նրա հետ գիշերը հրապարակում անցկացնել: