2018 թվականի հունիսի 16-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այցելեցին Վայոց ձոր՝ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող Վայոց ձորի բնակիչներին սատար կանգնելու նպատակով։
Գնդեվազի, Կեչուտի և Ջերմուկի բնակիչները նշում են, որ հանքում իրականացվում են ինտենսիվ պայթեցման աշխատանքներ, որոնք վկայում են, որ հանքն ամբողջությամբ բացվելու է օրերի ընթացքում։ Եվ եթե անմիջապես կառավարության ջանքերով հանքի շահագործման դադարեցում տեղի չունենա, ապա, փողոցները փակելով, այդ գործառույթը կիրականացնեն ինչպես Վայոց ձորի Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ համայնքների, այնպես էլ Վայոց ձորի մյուս քաղաքների և գյուղերի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները։
Հայաստանի Հանրապետության ընդերքում առկա շուրջ 100 միլիարդ ոսկու և արծաթի պաշարները գրգռում են միջազգային օլիգարխիայի, որոնց թվին է պատկանում Արմեն Սարգսյանը, ախորժակը, որը չի ճանաչում հայրենիք և մարդասիրություն։ Հարստանալու ցանկությունը բավարարելու մոլուցքը չի կանգնում որևէ արգելքի առջև։ Նրան չի հետաքրքրում, որ Ամուլսարի շահագործումից հետո բնապահպանական աղետի հետևանքով թունավորվելու են ոչ միայն Ամուլսարի հարակից տարածքները, այլ նաև Սևանա լիճը և Արարատյան դաշտավայրը։
Հիշեցնում ենք կառավարությանը, որ նախորդ բռնապետական ռեժիմը ազգային և միազգային նորմերի կոպիտ խախտմամբ է թույլ տվել «Լիդիան» ընկերությանը ապօրինի շահագործել հանքը։
Լիդիան ընկերությունը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին արգելեց մուտք գործել հանքի տարածք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ապօրինություններն արձանագրելու համար։
Դեմ լինելով Հայաստանի Հանրապետությունում ցանկացած նոր հանքի բացմանը, այն ամրագրելով որպես կուսակցության քաղաքական ծրագրի կարևոր բաղկացուցիչ, մշտապես դեմ արտահայտվելով Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և այդ գործարքի կնքահայր՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցրած Արմեն Սարգսյանի ծավալած ապօրինի գործունեությանը՝ պահանջում ենք կառավարությունից արձագանքել քաղաքացիների պահանջին և անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը, ձեռնարկել միջոցներ հանքի շահագործման չեղարկման համար՝ պատասխանատվության կանչելով մեղավոր անձանց։
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, արձանագրելով կառավարության անգործությունը, դեմ լինելով Ամուլսարի շահագործմանը, իր մասնաբաժին ներդրումն է ունենալու Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում փողոցների փակման գործընթացին՝ ի նշան բողոքի, հանքի շահագործման դադարեցման և մեղավորներին պատասխանատվության կանչման պահանջի։
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
Գնդեվազ, Կեչուտ և Ջերմուկ
16 հունիսի 2018