Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր Գյումրիի մշակութային կառույցներ իր շրջայցը սկսեց հիվանդանոցներից։ Նա եղավ Գյումրու ամենահին բուժհաստատություններում՝ «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող «Ճերմակ հիվանդանոցում, թիվ 1-ին պոլիկլինիկայում, ինչպես նաև Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքում։ Այստեղ, ինչպես տեղեկացրել ենք, հնարավոր է տեղափոխեն Շիրակի երկրագիտական թանգարանը, որի ցուցանմուշները փչանում են շենքային պայմաններ չունենալու պատճառով։
Լիլիթ Մակունցի այցը «Ճերմակ» հիվանդանոց և թիվ 1-ին պոլիկլինիկա, փոքր-ինչ տարօրինակ թվաց լրագրողներին։ Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր բուժհաստատություններ այցի նպատակը։
Մեր հարցին պատասխանեց նախարարին ուղեկցող փոխնախարարներից մեկը՝ Տիգրան Գալստյանը։ Նա ասաց, որ 17-րդ դարի հուշարձաններ այցելեցին, քանի որ Շիրակի մարզպետն իրենց փոխանցել է՝ այնտեղ Անգլիայից ներդրողներ են գալու, իրենք ևս մասնակցելու են բանակցություններին։ «Ներդրումներ են կատարելու, որ վերակառուցվի հիվանդանոցի շենքը՝ պահպանելով մշակութային արժեքը»։
Մշակույթի նախարարին հարցեր ուղղվեցին Գյումրիում պարի պետական անսամբլ ու նաև համերգասրահ չունենալու․ թատրոնի շենքը որպես համերգասրահ ծառայեցնելու, նախորդ իշխանությունների ՝«Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմի շենքը վերանորոգելու ծրագրի մասին։ Այս հարցերը ավելի շատ որպես առաջարկ հնչեցին։
Հարց հնչեց նաև «Ասլամազյան քույրերի» պատկերասրահի վերանորոգման համար Սերժ Սարգսյանի խոստացած հարյուր միլիոն դրամը չփոխանցելու մասին։
Նախարարն ասաց․ «Խնդիրն այն է, որ այս ընթացքում բավականաչափ մշակութային օջախների ու նաև գործիչների բանավոր կերպով մեծ խոստումներ են տրվել, որոնց բոլորին պետք է անդրադառնալ և ըստ առաջնության՝ փորձել լուծել։ Կան բազմաթիվ բանավոր պայմանավորվածություններ նախորդ նախագահի, նախկին վարչապետի, նախարարների կողմից»։
Լրագրողները մեկ անգամ ևս հիշեցրեցին Գյումրիից գողացված Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման մասին։ Նախարարն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ուրիշ ինչ վայր կարող են որմնանկարները տեղափոխել, որտեղ կան հարմար տեղեր Գյումրիում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի
չէք հասկանում, սա շատ խորհրդանշական քայլ է… Տիկինը ուզում է ասել՝ հայ մշակոյթը հիւանդ է, եւ ինք զայն դարմանելու է… կամ ել՝ մշակոյթը դեղ է, դարման է, առողջութիւն է… եւ քանզի մշակոյթը իր մէջ է, ուրեմն ինք դարման է, դեղ է… հիւանդանոցից ետ դուրս որ ելաւ, ներսում հիւանդ մնա՞ց…
(կամ ել պարզապէս հարցում մը ունէր, իր boss-ին երկարատեւ հազի մասին…)