Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լրագրողներին. «Սուր հարցեր մի տվեք, որպեսզի իրադրությունն ավելի չսրվի»

Հունիս 16,2018 21:34

Էջմիածնում ընդվզումներ են, պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա, ի՞նչ են ուզում կազմակերպիչները եւ քաղաքապետն ինչ ունի ասելու, առարկելու եւ ինչ քայլեր է պատրաստվում անել: Այս հարցերի պատասխանն ստանալու համար «Նոյյան Տապան» մամուլի սրահը հանդիպում էր կազմակերպել Կարեն Գրիգորյանի հետ:

Կարեն Գրիգորյանը նշեց, որ դրանք ուղղորդված գործողություններ են: Նա ուսումնասիրել է ՏԻՄ հին ու նոր օրենքները եւ տարբերություններ գտել: «Ես ուշադրությամբ նայեցի ՏԻՄ հին եւ փոփոխված օրենքները: Եթե նախկին օրենքով ավագանին իրավունք ուներ անվստահություն հայտնելու, նոր օրենքով նման բան գոյություն չունի: Պետք է ամեն ինչ արվի օրենքի տառին համապատասխան: Գոյություն ունի երկու հարթություն՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ այլ համայնքներ: Եթե առաջին հարթությունում քաղաքապետին ընտրում է ավագանին, մեր պարագայում համայնքի ղեկավարն ընտրվում է ուղիղ մանդատով:

Քաղաքապետն ունի՞ ժողովրդի վստահության քվեն արվածով ու չարվածով, լավ ու վատ կողմերով եւ այլն: Էջմիածնի քաղաքապետ ընտրում են Էջմիածին քաղաքում վեց ամիս գրանցում ունեցող էջմիածինցիները: Մեր ընդդիմադիրները ավելի վաղ էլ էին հարցեր բարձրացրել, որոնք իմ լիազորությունների շրջանակներում չեն: Մեղադրանքներ են հնչում կապված հիվանդանոցների, դպրոցների, սոցիալական կամ պետական այլ ծառայությունների հետ: Տվյալ դեպքում մեր համայնքը կամ ես որպես քաղաքապետ նման լիազորություն չունենք: Չունեմ լիազորություն ասֆալտապատելու շրջակա գյուղերը: Մեղադրանքներ են հնչում Մերձավանից եւ այլ տեղերից: Լավ է, որ շրջակա գյուղերի բնակիչներն իրենց էջմիածինցի են համարում, բայց ես օրենքի տառով ոչ մի գյուղապետի կառավարելու իրավունք չունեմ, մեկ այլ վայրում կարկուտի համար ես չեմ կարող պատասխան տալ: Իմ նախկին գործընկերը, որ երեք տարի համայնքի ղեկավար է եղել, ասում է, թե մեր փողոցում ջուրը հոսում է: Եղբայր, Վեոլիա ջուրը, , Վիվա Սելը, Արմենթելը, էլեկտրացանցը ի՞նչ կապ ունեն Էջմիածնի քաղաքապետի հետ: Քաղաքապետը կարող է ժողովրդի խնդրանքով դիմի բանակցի: Եթե նախկինում օրենքը թույլ էր տալիս իմ ժողովրդի շահերը պաշտպանել անգամ դատական կարգով, այսօր այդ լիազորությունն էլ չունեմ», ասաց Կարեն Գրիգորյանը: Նա չի ընդունում իր հասցեին հնչեցվող մյուս մեղադրանքներ, սակայն դեմ չէ, որ եթե իր աշխատանքում կան թերություններ, թող իրավական մարմինները ստուգեն եւ եթե պետք է, պատասխան կտա եւ ինքը եւ բոլորը:

Լրագրողները Կարեն Գրիգորյանին փորձում էին կոնկրետ հարցեր ուղղել Էջմիածնում ստեղծված իրավիճակի պատճառների, ցույցերը կազմակերպողների շարժառիթների եւ հանգուցալուծման ուղիների մասին, սակայն քաղաքապետը խուսափում էր հստակ պատասխանել՝ նշելով, որ Էջմիածնում կա «Հաշտության նստարան» եւ ինքը բոլորին հրավիրում է այնտեղ ու առաջարկում միմյանց ձեռք սեղմել. «Մեղադրանքները գլխավորապես հնչում են իմ լիազորություններից դուրս խնդիրների մասին: Եթե հիմա հակառակն ասեմ, կստացվի, թե ես էլ եմ սրում մթնոլորտը: Դրա համար բոլորին հրավիրում եմ «Հաշտության նստարանի» մոտ», – ասաց նա եւ խոսքն ուղղեց լրագրողներին. «Ինձ այնպիսի հարցեր մի տվեք, որպեսզի դրանց ճիշտ պատասխանելով ավելի սրեմ իրավիճակը: Հետո կասեն, թե ես եմ սադրել: Հասկանում եմ, որ ձեզ սենսացիոն նյութեր են պետք: Բայց այդպես դուք կարող եք բնակչությանն իրար դեմ դուրս բերել», ասաց Կարեն Գրիգորյանը, որը չի պատրաստվում հրաժարական տալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930