«Ես Հայաստանում միակ քաղաքապետն էի, որը երկու տարի առաջ կանգնեց զինվորի կողքին՝ առանց վախենալու: Հիմա հնարավո՞ր է, որ ես վախենամ…»,-Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այսօր հանրահավաքի ժամանակ այս խոսքերով դիմեց իր աջակիցներին, որոնց զուգահեռ բողոքի երթ էին անցկացնում նաեւ նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Նա հայտարարեց, որ առավոտյան իր ընդդիմախոսներից մեկի հետ է հանդիպելու, եւ որոշվելու են հաշտության եզրերը:
Դիմելով աջակիցներին՝ Գրիգորյանը կոչր արեց սադրանքների չտրվել. «Իրենցը փողով է, մերը՝ կամքի ուժով: Իրենք պետք է մտածելու բան ունենան, որովհետեւ փողը վերջանալու է»:
Ապա քաղաքապետը նշեց, որ իր ընտանիքին, այդ թվում՝ հորը՝ ՀՀԿ-ական, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին թիրախավորել են, բայց, այնուամենայնիվ, առավոտյան սպասելու է իր ընդդիմախոսներին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր բերման է ենթարկվել Մանվել Գրիգորյանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ