Այսօր Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել «Արցախ ԷյրՖեսթ» (Artsakh AirFest) փառատոնը, որը նախաձեռնվել է «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի կողմից` Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների, «Սքայ Քլաբ-Պարագլայդինգ ին Արմենիա»-ի և «Սքայբոլ»-ի հետ համատեղ:
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին և ժամանակ առ ժամանակ տեղացող կարճատև անձրևներին, այնուամենայնիվ, բացման արարողությունից հետո կայացել է օդային շոու` Aero L-39 ու Yak-52 մակնիշի ինքնաթիռների և պարաշյուտիստների մասնակցությամբ:
Օդային շոուից հետո` փառատոնի կազմակերպիչների կողմից հրավիրված մամուլի ասուլիսին, Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ասաց, որ պետության և մասնավոր կազմակերպությունների կողմից կազմակերպված փառատոնի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթև ավիացիայի ներուժի վերաբերյալ, աշխուժացնել երիտասարդական կյանքը, ինչպես նաև Արցախի հանդեպ մեծացնել զբոսաշրջային հետաքրքրությունը:
«Նախատեսված բոլոր թռիչքները տեղի ունեցան: Ցավոք, եղանակային անբարենպաստ պայմանները մի փոքր խանգարեցին, սակայն դա ինչ-որ տեղ այս ամենին արկածային բաղադրիչ հավելեց»,- ասաց նախարարը` նկատելով, որ այս տարվա փառատոնին արտասահմանցի զբոսաշրջիկները մեծ թիվ են կազմում:
«Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի ներկայացուցիչները նշեցին, որ Արցախում արդեն երկրորդ անգամ իրականացվող «Արցախ ԷյրՖեսթ» փառատոնը աննախադեպ է, որովհետև ցուցադրվեցին թռիչքներ, որոնք նախորդ տարում չէին ցուցադրվել: Ինչ վերաբերում է կոմերցիոն թռիչքներին, կազմակերպիչները նշեցին, որ դա կախված կլինի եղանակային պայմաններից:
Փառատոնի ընթացքը համեմված էր նաև համերգային ծրագրով:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ