ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր «Հաղթանակ» զբոսայգում հանրությանը ներկայացրեց ՀՀ զինված ուժերում շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի եւ իրային միջոցների տեսականին՝ անկողնային եւ հանդերձանքի պարագաներ, համազգեստ եւ կոշկեղեն, ինչպես նաեւ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակները եւ գնումներով ձեռք բերվող այլ մթերքը:
Պաշտպանության նախարարության զինված ուժերի թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այսօր ներկայացվող սննդի տեսականին զինվորին տրվում է դեռ 2015 թվականից: Գնումներն իրականացվում են թափանցիկ մրցութային գործընթացներով եւ համապատասխան պայմանագրերի ստորագրումից հետո հիմնականում տեղական սննդարտադրողների հետ ենք աշխատում: Նրանք մեր զինվորին մատակարարում են բարձր որակի սնունդ, որը ոչնչով չի զիջում այլ երկրներում արտադրվող սննդամթերքի որակին: Սա նաեւ զինծառայողների կարծիքն է: Սննդամթերքի հատկացման առումով յուրաքանչյուր տարի իրականացվում է թե որակական ցուցանիշների, թե տեսականու փոփոխություն՝ նպատակ ունենալով զինծառայողների ռացիոնում ներդնել ազգային նոր ճաշատեսակներ, որոնք անվտանգ են եւ ապահովում են անհրաժեշտ կալորիականություն: 2018 թվականին ռացիոնում ավելացել են նոր ճաշատեսակներ եւ պահածոյացված սնունդ: Այս գործընթացը մշտապես շարունակվում է:
Այստեղ մենք ցուցադրում ենք, եթե կարելի է ասել, զինվորի երկու տեսակի՝ ստացիոնար պայմաններում ծառայող անձնակազմի եւ առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնողների սնունդ: Ամեն տարի անցկացվում է սննդամթերքի որակական ցուցանիշների մոնիտորինգ եւ պարտադիր տարեկան լաբորատոր երկու փորձաքննության է ենթարկվում»: Գնդապետը նաեւ տեղեկացրեց, որ պահածոյացված սննդի տուփի վրա մակնշված է «Զինվորի բաժին: Վաճառքի ենթակա չէ»:
Հարցին, ի՞նչ է արվում, որպեսզի զինվորի սնունդը միայն զինվորին հասնի եւ եթե, այնուամենայնիվ, այդ պահածոները հայտնվեն շուկայում, ի՞նչ պատժամիջոց կկիրառվի, պարոն Մարգարյանն պատասխանեց. «Չեմ կարծում, թե որեւէ մեկը իրեն նման բան թույլ կտա: Իսկ եթե այդպիսի բան լինի, նա կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»:
Զինված ուժերի թիկունքի պետ, գեներալ մայոր Նորայր Յոլչյանն էլ վստահեցրեց, որ այսօր զինվորը հագուստի ոչ մի պակաս չունի ինչպես որակական, այնպես էլ քանակական առումով: Այսօր զինվորին հատկացվող հագուստի հավաքածուն ներքնաշորերից մինչեւ համազգեստ արտադրվում են բնական նյութերից՝ բուրդ, կիսաբուրդ, բամբակ, բնական կաշի եւ այլն: Ճշգրիտ հաշվարկված են նաեւ հումքի օպտիմալ խտությունը, քաշը եւ այլ չափորոշիչներ: Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է փաստել, որ տնից գուլպա, հագուստ եւ այլ պարագաներ այլեւս չեն ուղարկվում, գեներալը պատասխանեց. «Մենք զինծառայողին ծառայության ընթացքում հարյուր տոկոսով ապահովում ենք: Բայց եթե զինվորը կամ նրա ծնողը ցանկանում են ավելին ունենալ, արգելելը դժվար է: Վստահեցնում եմ, որ եթե ծնողն իր զավակին ոչինչ չուղարկի, բանակին հատկացվածը լիովին բավարարում է»: Aravot.am-ը հետաքրքրվեց, իսկ եթե այնուամենայնիվ ուղարկում ե՞ն… «Մենք հրամանով արգելել ենք: Եթե տեսակցության օրերին ծնողները զինվորին ինչ-որ բան փոխանցեն, դրան դեմ չենք», – ասաց գեներալը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ համազգեստի կրման ժամկետների տարբերություն էլ կա. «Եթե պահեստային զորամասում համազգեստի կրման ժամկետը ութ ամիս է, սահմանին մարտական հերթապահություն անցկացնողներինը վեց ամիս է: Եթե պահեստային զորամասում զինվորները ծառայության ընթացքում երեք համազգեստ են ստանում, մարտական հերթապահություն անցկացնողները՝ չորս: Այս տարվանից մեկ համազգեստ էլ է ավելացել՝ տոնական համազգեստը, որը զինվորը կրելու է արձակուրդ մեկնելիս, հանդիսավոր արարողությունների ժամանակ»:
Թերեւս միակ բանը, որ զինված ուժերը զինվորին չի տալիս, սափրվելու եւ անձնական հիգիենայի պարագաներն են: Պատճառն այստեղ անհատականությունն է: Այդ բացը լրացվում է զինվորին ամսական սահմանված գումար հատկացնելով, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հարմար սափրվելու գործիք, փրփուր, ատամի խոզանակ եւ մածուկ գնի:
Գեներալը դիմեց լրագրողներին ակնկալելով նրանց աջակցությունը՝ բանակային կյանքը լուսաբանել այնպես, ինչպիսն կա եւ հորդորել ծնողներին, որպեսզի իրենց զինվորական զավակներին տնից ոչինչ չուղարկեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ