Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերի շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն:
Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող անկողնային, հանդերձանքի և կենցաղային պարագաները, համազգեստն ու կոշկեղենը: Զբոսայգում կազմակերպվել էր նաև զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:
Զինված ուժերի թիկունքային ապահովման պատասխանատուներն ընդգծել են, որ բանակի ճաշացանկը պարբերաբար թարմացվում է, խիստ հսկողություն է սահմանված մատակարարվող սննդամթերքի որակի նկատմամբ, իսկ ճաշատեսակները պատրաստվում են սահմանված չափաքանակներով և բարձրորակ սննդամթերքով:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն