Այսօր ՀՀ մշակույթի երկու փոխնախարարների ուղեկցությամբ Գյումրիում էր նախարար Լիլիթ Մակունցը, որ եկել էր մշակութային կառույցներ շրջելու ու հիմնախնդիրներին ծանոթանալու։
Նա սկզբում եղավ Շիրակի մարզպետարանում, այստեղ Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ քննարկեց մի քանի հարցեր, որոնցից մեկը վերաբերում էր Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը Շիրակի երկրագիտական թանգարանին տրամադրելու։ Նախարարին նման առաջարկով էր դիմել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նշենք, որ երկրագիտական թանգարանը խղճուկ պայմաններում է, չի կարողանում ցուցադրել Շիրակի հարուստ պատմամշակութային ժառանգությունը , իսկ ցուցամուշները փչանում են։
Այնուհետ նախարարը շրջայց կատարեց Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենք՝ տեղում ծանոթանալու պայմաններին, եղավ նաև Թումո կենտրոնում, Սամվել Բալասանյանին պատկանող «ՍևՂուլ «ամրոցում, մարզային գրադարանում, քայլեց «Մեր մանկության տանգո» ֆիլմի «Վառեմ-Մարեմի» շենքի կողքով ու այցելեց նաև Շիրակի երկրագիտական թանգարան։
Նախարարին այստեղ ներկայացրեցին թանգարանի պատմությունը, ծանոթացրեցին պայմանների հետ՝ ցույց տալով նաև հետաքրքիր ցուցանմուշներ։ Այստեղ պատմական բոլոր ժամանակաշրջաններին վերաբերող նյութեր կան։ Նախարարին ցուցադրեցին անտիկ շրջանի թաղման կարասներից մինչև Բենիամինի պեղումների ժամանակ հայտնաբերված կուրծքը։
«Նախարարին այնպիսի բան ցուցադրեք, որ չի տեսել»,- ասաց երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը։ Նա նախարարին մի նմուշ ցուցադրելով՝ հարցրեց․՝ «Սա ի՞նչ է ձեր կարծիքով, տիկին նախարար»։
Լիլիթ Մակունցը նայելով՝ ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչի է նման»։ Նրան ասացին, որ սա կուրծք է, մայր հողի, մայր Աստվածության խորհրդանիշն է, որը հայտնաբերվել է Բենիամինի պեղումների ժամանակ պաշտամունքային սենյակում։
Լիլիթ Մակունցին ցույց տվեցին նաև, Էրզրումի «Սուրբ Նշան» եկեղեցու խաչ, որը գաղթի ժամանակ բնակիչներն են իրենց հետ բերել, որպեսզի որտեղ բնակություն հաստատեն, խաչը դնեն։ «Կառուցել են Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցին, բայց հետո տեսել են, որ խաչը չի համապատասխանում չափերով և հասել է մեզ», -ասաց Լարիսա Եգանյանը։
Հմայակ Խաչատրյանն էլ ցույց տվեց փղերի ծնոտները՝ նշելով, որ Հայաստանի բոլոր փղերը հայտնաբերվել են Շիրակում։ Ցուցադրեցին նաև սրվակներ, որոնք դրված են եղել հանգուցյալների ոտքերի տակ։ Նախարարն, այս ամենը տեսնելով, ասաց որ շատ է ափսոսում փակված, իրար գլխի լցված ցուցանմուշների համար և նշեց, որ մշակույթի նախարարը դեմ թանգարանը Գյուլբենկյանի անվան հիվանադանոցի նախկին շենք տեղափոխելու գաղափարին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ