Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր բարձրացվեց մարզային բուժհաստատությունների՝ անհրաժեշտ սարքավորումներով համալրված չլինելու խնդիրը: Նախարարը շեշտեց, որ նախարարությունը չի կարող զբաղվել բոլորի խնդրով. «Երեւան համայնքն, օրինակ, իր բյուջեի հաշվին պոլիկլինիկաները համալրում է անհրաժեշտ սարքերով: Իսկ մարզերի պարագայում…նոր մարզպետներին ասել եմ խնդրի մասին: Օրերս Սիսիանի քաղաքապետին ասացի՝ երբ կգա ժամանակը նոր ավտո առնելու, չառնես, սոնոգրաֆ կգնես դրա փոխարեն, ու հաջորդ ընտրություններում քեզ կընտրեն՝ որպես լավ ղեկավար»:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ առողջապահությունը մարզային ղեկավարների համար առաջնահերթություններից պետք է լինի. «Չի կարելի մտածել, թե առողջապահության նախարարությունն է փող տալու»: Ապա քաղաքացիներից մեկը նշեց, որ մանկաբույժների կարիք կա հատկապես մարզերում: Նախարարն ասաց. «Ֆինանսական միջոցներ ենք հայթայթում՝ չվերապատրաստված մանկաբույժներին որպես ընտանեկան բժիշկներ պատրաստելու համար»:
Նախարարն անդրադարձավ նաեւ հարցին, որ Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը մի քանի տարի առաջ կառուցվեց, սակայն մինչ օրս շահագործման չի հանձնվել. «Եթե շատ անկեղծ ասեմ, մեծ հարց է՝ պե՞տք էր այդ կենտրոնը մեր երկրին, թե ոչ, բայց քանի որ արդեն կառուցված է, ամեն ինչ պետք է անենք, որ աշխատի: Խոսելու եմ այն ընկերության հետ, որը տարբեր պատճառներով չի աշխատեցրել այդ կենտրոնը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ