«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Առաքելություն Հայաստան» հ/կ-ի կողմից նախարարին ներկայացվեց մտահոգություն այն մասին, որ ըստ շատ հիվանդների՝ որոշ բուժհաստատություններում ասում են, թե պետպատվերի գումարն արդեն սպառվել է, կամ՝ տվյալ հիվանդությունն իրենց մոտ պետպատվերով չի բուժվում, կամ պետք է տեւական ժամանակ հերթի մեջ սպասել: Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ նախկինում պետպատվերին հատկացվող առանց այդ էլ քիչ գումարները արդար չեն բաշխվել. «Սիսիանի ԲԿ-ում, օրինակ, տարեկան անհետաձգելի բուժօգնության բյուջեն 2,5 միլիոն դրամ է, այսինքն՝ ամսվա ընթացքում մեկ հիվանդի կարող են պետպատվերով սպասարկել»:
Մինչդեռ Երեւանում, ինչպես նախարարը նշեց, որոշ բուժհաստատությունների հինգ միլիարդ դրամի պետպատվերի գումար է հատկացվում. «Հիմա պարզում ենք՝ ո՞նց են նրանք այդ գումարը ծախսում: Կան բուժհաստատություններ, որոնք թաքցնում են, թե որքան են ծախսում: Այս տարի վերաբաշխումներ կլինեն՝ անհիմն շատ ստացողներից գումարները կտանք անհիմն քիչ ստացողներին, հիմնականում՝ մարզային բուժհաստատություններին»:
Արսեն Թորոսյանը նաեւ հայտնեց, որ շուտով կստեղծվի առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները կկարողանան տեսնել, թե որ ԲԿ-ում որքան գումար է հատկացվում պետպատվերի համար եւ որքանն է մինչ այդ պահը ծախսվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ