Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին. «Այդ օրենքից կտուժի առողջապահությունը»

Հունիս 16,2018 14:03

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մարինա Մարգարյանն այսօր «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց, որ առողջապահության ոլորտի շատ խնդիրներ ընդգրկված չեն նոր կառավարության ծրագրում: Նա հետաքրքրվեց, թե ինչ նոր ծրագրեր կառաջարկի նախարարը, ապա մտահոգություն հայտնեց «Բարեգործության մասին» օրինագծի շուրջ՝ նշելով, որ առաջիկայում դրա ընդունումից մեծ վնասներ կկրի առողջապահությունը: «Մարզային պոլիկլինիկաները հագեցվել են անհրաժեշտ սարքավորումներով բարեգործական նախաձեռնությունների շնորհիվ»,-նկատեց Մարինա Մարգարյանը: Հիշեցենք, որ այդ օրինագիծը ենթադրում է պետական մարմնի ստեղծում, որը թույլատրելու բարեգործություն կատարել, իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները սա համարում են Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված քայլ:

Արսեն Թորոսյանն այսպես արձագանքեց. «Գյուղական ԲԿ-ները հիմնականում հագեցվել են ոչ թե բարեգործական ծրագրերով, այլ միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Հիմա էլ կան նման կազմակերպություններ, որոնք ցանկանում են նվիրատվություններ կատարել: Առաջիկայում կարիքների գնահատում ենք անելու: Ցանկանում են նվիրել այն, ինչ իրականում ՀՀ-ին պետք չէ: Սփյուռքի բարեկամները պետք է հասկանան դա: Չի կարելի նվիրաբերել մի բան, որը հետո աղբ է դառնալու»: Ինչ վերաբերում է փաստին, որ այդ օրինագիծը ՀՀԿ-ն է մշակել, Արսեն Թորոսյանն ընդգծեց. «Նախկին իշխանությունների օրինագիծը որդեգրելու քաղաքականություն մենք չունենք, պարզապես եթե որեւէ բան լավ է արվել, պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ»:

Ապա Մարինա Մարգարյանը հետաքրքրվեց, թե երբ է պետությունը ձեռնարկելու միջոցներ, որպեսզի ՀՀ-ում ստոմատոլոգիան հասնի միջազգային չափանիշի: Արսեն Թորոսյանը դիտարկման հետ չհամաձայնեց. «Ստոմատոլոգիայի վարկանիշը շատ բարձր է: Այդ ոլորտը եւ պլաստիկ վիրաբուժությունը բժշկական տուրիզմի «չեմպիոններից» են մեր երկրում»: Պատգամավորը նշեց, որ քանի տարի է՝ ստոմատոլոգիան ներառված չէ բժշկական մասնագիտությունների ցանկում, նախարարն էլ խոստացավ խնդիրը հետագայում քննարկել: Կառավարության ծրագրի առնչությամբ էլ նշեց, որ առողջապահության ոլորտի նոր ծրագրեր իրականացնելու են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930